Կանադայի դպրոցներից մեկում տեղի ունեցած զանգվածային հրաձգության կասկածյալը 18-ամյա կին էր՝ հոգեկան առողջության խնդիրներով։ Նա սպանել է մորը և խորթ եղբորը տանը, ապա հարձակում գործել նախկին դպրոցում. հայտնել է ոստիկանությունը։
Կասկածյալը Ջեսի Վան Ռութսելաարն է։ Նա ինքնասպան է եղել դպրոցում՝ հրաձգությունից հետո։
Ըստ ոստիկանության՝ Ռութսելաարը սկզբում սպանել է 39-ամյա մորը և 11-ամյա խորթ եղբորը ընտանեկան տանը։ Այնուհետև գնացել է դպրոց, որտեղ սպանել է 39-ամյա ուսուցչուհուն, երեք 12-ամյա աղջիկ աշակերտուհու և երկու տղա աշակերտի՝ մեկը 12, մյուսը 13 տարեկան։
Ընդհանուր առմամբ զոհվել է 9 մարդ՝ ներառյալ կասկածյալը, ևս երկու անձ՝ 12 և 19 տարեկան, ծանր վիճակում են հիվանդանոցում։
Ոստիկանությունը նշել է, որ Ռութսելաարը ծնվել է տղա, սակայն վեց տարի առաջ սկսել է նույնանալ որպես կին։ Նա նախկինում մի քանի անգամ բռնի կարգով տեղափոխվել է հոգեբուժական ստուգման։
Ոստիկանության հաղորդմամբ՝ վերջին տարիներին ոստիկանությունը բազմիցս այցելել է ընտանիքի տուն՝ կասկածյալի հոգեկան առողջության հետ կապված խնդիրների պատճառով։
Կասկածյալը գործել է մենակ, և առայժմ դրդապատճառը պարզ չէ։ «Մենք չունենք տեղեկություններ, որ որևէ մեկը հատուկ թիրախ է եղել», – ասել է նա։
Ոստիկանները դեպքի վայր են հասել առաջին զանգից 2 րոպե անց և բախվել իրենց ուղղությամբ կրակոցների։ Հետագայում նրանք հայտնաբերել են կասկածյալի դին։
Կրակոցը տեղի է ունեցել Տամբլեր Ռիջ հեռավոր համայնքում, որտեղ մոտ 2400 մարդ է ապրում։
