Գարեջուր արտադրող հոլանդական Heineken ընկերությունը հայտարարել է մինչև 6 հազար աշխատատեղ կրճատելու մտադրության մասին, ինչը կազմում է ընկերության ընդհանուր՝ 87 հազար աշխատակիցների շուրջ 7 տոկոսը։ Բացի այդ, ընկերությունը նվազեցրել է 2026 թվականի շահութաբերության աճի իր կանխատեսումները՝ նախորդ տարվա համեմատ։
Heineken-ը, որը շուկայական կապիտալիզացիայով աշխարհում երկրորդ խոշորագույն գարեջրագործն է և արտադրում է Tiger, Amstel և Heineken ապրանքանիշերի գարեջուր, այժմ նոր գործադիր տնօրեն է որոնում՝ հունվարին Դոլֆ վան դեն Բրինկի անսպասելի հրաժարականից հետո։
Ընկերությունը հայտարարել է, որ նպատակ ունի ավելի սահմանափակ ռեսուրսներով ապահովել բարձր աճ՝ արձագանքելով ներդրողների դժգոհությանը, որոնք կարծում են, թե ընկերությունը արդյունավետության հարցում հետ է մնում։
Միևնույն ժամանակ ոլորտում վաճառքները դանդաղում են՝ պայմանավորված սպառողների ֆինանսական խնդիրներով և վերջերս գրանցված անբարենպաստ եղանակային պայմաններով։
Heineken-ի մրցակից Carlsberg ընկերությունը նույնպես հայտարարել է աշխատատեղերի կրճատման մասին։ Բացի այդ, մի շարք այլ գարեջրի և ալկոհոլային խմիչքների արտադրողներ ևս կրճատում են ծախսերը, վաճառում ակտիվներ և նվազեցնում արտադրության ծավալները՝ վերջին տարիներին վաճառքների դանդաղման ֆոնին։
