ԿԿՀ-ն հաստատել է Հակոբ Հակոբյանի կողմից վարքագծի կանոնի խախտումը

ԿԿՀ-ն հաստատել է Հակոբ Հակոբյանի կողմից վարքագծի կանոնի խախտումը

11 փետրվարի 2026 – 17:49 AMT

PanARMENIAN.Net – Ազգային ժողովը շարունակել է քննարկել ԱԺ «Հայաստան» խմբակցության ներկայացրած որոշման նախագիծը, որով առաջարկվել է դադարեցնել Հեռուստատեսության և ռադիոյի հանձնաժողովի անդամ Հակոբ Հակոբյանի (Հակոբ Մովսես) լիազորությունները։

Հարակից զեկույցով հանդես է եկել Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի նախագահի պարտականությունները կատարող Մարիամ Գալստյանը՝ ներկայացնելով հանձնաժողովի 2025 թվականի հունիսի 16-ին ընդունված եզրակացությունը, որով արձանագրվել է ՀՌՀ անդամ Հակոբ Հակոբյանի կողմից վարքագծի կանոնների խախտման առկայությունը, հայտնում է 1lurer.am-ը:

Գալստյանի խոսքով՝ ստանալով «Հայաստան» խմբակցության նախագահի դիմումը, հանձնաժողովն օրենքով սահմանված կարգով հարուցել է համապատասխան վարույթ, որի արդյունքում ընդունվել է ներկայացվող եզրակացությունը։

Այն վերաբերել է 2025 թվականի փետրվարի 13-ին հարցազրույցի ընթացքում Հակոբ Հակոբյանի հնչեցրած արտահայտություններին, որոնք հանձնաժողովը քննարկել է պետական պաշտոններ զբաղեցնող անձանց վարքագծի կանոնակարգի 64-րդ կետի պահանջների համաձայն։

Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի նախագահի պարտականությունները կատարողը նշել է, որ հարցազրույցի ժամանակ Հակոբ Հակոբյանը հանդես չի եկել ի պաշտոնե և հարցազրուցավարի կողմից ներկայացվել է որպես բանաստեղծ, թարգմանիչ, ՀՀ մշակույթի նախկին նախարար։ Սակայն, նրա դիտարկմամբ, անկախ այն հանգամանքից՝ պաշտոնատար անձը ելույթի ընթացքում ներկայանում է իր պաշտոնով, թե ոչ, հանրային ընկալման տեսանկյունից խնդրահարույց է անկախ պետական մարմնի անդամի կողմից քաղաքական բնույթի ելույթներով և խոսքով հանդես գալը՝ հաշվի առնելով, որ նման մարմինների դեպքում առաջնային նշանակություն ունի քաղաքական իշխանություններից նրանց անկախությունը, տարանջատվածությունը և կառույցի քաղաքական չեզոքությունը։

«Ըստ այդմ՝ վարքագծի կանոնակարգի 64-րդ կետը կիրառելի է հարցազրույցի ընթացքում Հակոբ Հակոբյանի դրսևորած վարքագծի նկատմամբ»,- ասել է նա՝ ներկայացնելով այն չափանիշները, որոնց հիման վրա հանձնաժողովը գնահատել է Հակոբյանի խոսքը։

«Քննարկելով հարցազրույցի ընթացքում Հակոբ Հակոբյանի հնչեցրած խոսքը, հանձնաժողովը կարևորել է, որ այն նախ պետք է տարանջատել երկու հատվածի՝ պատմական իրողությունների վերաբերյալ խոսք և կուսակցության ներկայիս գործունեության կամ գաղափարախոսության վերաբերյալ խոսք: Ըստ այդմ՝ եզրակացությամբ արձանագրել ենք, որ Հակոբ Հակոբյանի կողմից քննարկված պատմական իրողությունները կամ գնահատականները, կապված հայ ժողովրդի պատմության ընթացքում ՀՅԴ-ի դերի հետ, վերաբերում են ազգային մտածողության, մտածողության մոտեցումներին, որոնք, ըստ պարոն Հակոբյանի, հանգեցրել են հայ ժողովրդի համար կործանարար հետևանքների»,- ասել է Գալստյանը։

Հանձնաժողովը արձանագրել է, որ Հակոբ Հակոբյանը իր խոսքով մեկնաբանել և քննադատել է ՀՅԴ-ի գործունեությունն ու գաղափարախոսությունը։

Վերոգրյալից ելնելով՝ հանձնաժողովը արձանագրել է, որ Հակոբ Հակոբյանի խոսքը, այն մասով, որտեղ պարունակվել է կուսակցության ներկա գործունեության և գաղափարախոսության քննադատություն, հանգեցրել է վարքագծի կանոնակարգի 64-րդ կետի խախտման։

Հակոբ Հակոբյանը հայտարարել է. «Ես հակադաշնակցական չեմ, երբեք չեմ եղել և հիմա էլ չեմ: Ես Դաշնակցության մեջ անուններ գիտեմ, մտավորական, պետական գործիչներ, որոնք կիսել են մեր ժողովրդի ողբերգությունները, և մեր պետական, հասարակագիտական, ազգային մտածողության մեջ մեծ դեր եմ խաղացել: Ես Դաշնակցության մասին խոսել եմ պատմական կտրվածքով: Ես իրավունք ունեմ, մտավորական եմ, պարտավոր եմ:

Ես պարտավոր եմ 1915 թվականի մեր ողբերգությունը դիտարկել ոչ միայն որպես քաղաքական իրողություն, այլև ստուգեմ, վերլուծեմ, փորձեմ հասկանալ դրա պատմական-գաղափարական հիմքերը, ի դեպ, մի բան, որը մեր մշակույթի, գրականության, նաև պատմագրության մեջ վերջերս սկսել է արվել»,- ասել է նա:

Ելույթի ընթացքում Հակոբ Հակոբյանը ներկայացրել է նաև իր ելակետային դիրքորոշումը՝ ներկայումս լայն առումով տեղի ունեցող իրադարձությունների վերաբերյալ։ Նրա գնահատմամբ՝ 1945 թվականից հետո առաջին անգամ Հայաստանը կանգնած է բոլորովին նոր և անծանոթ իրավիճակի առաջ։

«ՀՀ բոլոր քաղաքական ուժերը, կազմակերպությունները, հոսանքները, մտայնությունները, ի թիվս նաև «Հայաստան» դաշինքը, մեր հայրենասիրությունը, մեր մտավորականությունը, մեր իշխանությունները, մի խոսքով՝ պատմության ընթացքում քննություն հանձնած կամ չհանձնած բոլորս կանգնած ենք մի նոր դժվարին և հայոց պատմության դժվարին ընթացքն ամփոփող մի քննության առջև: Մենք այսօր պետք է պետական քննություն հանձնենք»,- ասել է նա։

Խոսքի ավարտին Հակոբ Հակոբյանը հավելել է. «Ես Դաշնակցությանը չեմ ատում»:

Ազգային ժողովում քննարկվում է «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արծվիկ Մինասյանի ներկայացրած նախագիծը, որով առաջարկվել է դադարեցնել Հեռուստատեսության և ռադիոյի հանձնաժողովի անդամ Հակոբ Հակոբյանի լիազորությունները։

Ընդդիմադիր պատգամավորի պնդմամբ՝ Հակոբ Հակոբյանը լրատվամիջոցներից մեկին տված հարցազրույցի ընթացքում ՀՅԴ-ի հասցեին հնչեցրել է քաղաքական գնահատականներ, որոնք, ըստ նրա, ուղեկցվել են ատելության քարոզով։

Leave a Comment