Ոսկյա զարդերի հարկման մեխանիզմը կփոխվի. Նախագիծ


Տնտեսություն


Հայաստանի հարկային օրենսդրության մեջ նախատեսվող փոփոխությունները նպատակ ունեն վերանայել ոսկուց և թանկարժեք քարերից պատրաստված իրերի օտարման գործարքների հարկման կարգը։ ՀՀ ֆինանսների նախարարության կողմից մշակված նախագիծն առաջարկում է փոխել Ավելացված արժեքի հարկի (ԱԱՀ) հաշվարկման սկզբունքները՝ ոսկեգործության ոլորտում առկա խնդիրները կարգավորելու նպատակով։

Ներկայիս կարգավորումներով թանկարժեք մետաղների օտարումն ազատված է ԱԱՀ-ից, սակայն դրանցից պատրաստված զարդերի վաճառքը հարկվում է ընդհանուր հիմունքներով։ Սա բերում է մի իրավիճակի, երբ ոսկու արժեքը, որը հաճախ կազմում է պատրաստի զարդի գնի հիմնական մասը, արժեշղթայի հաջորդական փուլերում փաստացի կրկնակի հարկման է ենթարկվում։ 

Նախագծի հիմնավորման մեջ նշվում է.

«Ոսկու ձուլակտորից ոսկյա զարդ պատրաստելու օղակում ոսկու արժեքը չի համարվում նոր ստեղծված արժեք։ Հետևաբար, այս պարագայում ոսկու՝ ԱԱՀ-ով հարկումը մի կողմից խնդրահարույց է, մյուս կողմից՝ հանգեցնում է ոսկյա զարդերի գների բարձրացման՝ դրանով իսկ խոչընդոտելով ոսկեգործության ոլորտի զարգացմանը»։

Առաջարկվող փոփոխություններով նախատեսվում է, որ արտադրողների համար ԱԱՀ-ով հարկման բազա կհամարվի ոչ թե ապրանքի ամբողջ արժեքը, այլ իրական արժեքի և հումքի ձեռքբերման գնի դրական տարբերությունը։ Սահմանվել է նաև նվազագույն շեմ՝ հարկման բազան չի կարող պակաս լինել, քան ընդհանուր կարգով հաշվարկվող բազայի 25 տոկոսը։ Նախագծի հեղինակները շեշտում են ոսկու՝ որպես հումքի առանձնահատկությունը.

«Յուրաքանչյուր անգամ այն վերամշակելիս դրա արժեքը պահպանվում է, և յուրաքանչյուր անգամ արժեշղթային օղակներով անցնելիս դրա՝ ԱԱՀ-ով հարկումը գործնականում կնշանակի ԱԱՀ-ով բազմակի անգամ հարկում, որը հիմնավոր մոտեցում չէ»,- նշված է նախագծում։

Առևտրական գործունեություն իրականացնողների համար ևս առաջարկվում է հարկման բազան որոշել որպես վաճառքի և ձեռքբերման գների տարբերություն։ 

Միաժամանակ, նախագծով նախատեսվում է ուժը կորցրած ճանաչել ԱԱՀ վճարող հարկային գործակալների կողմից ոսկերչական իրերի օտարումից ստացվող եկամուտների՝ եկամտային հարկով չհարկելու արտոնությունը։


Leave a Comment