11 փետրվարի 2026 – 16:31 AMT
PanARMENIAN.Net – Արտասահմանյան լրատվամիջոցները լայնորեն անդրադարձել են ԱՄՆ փոխնախագահ Ջեյ Դի Վենսի՝ Հայոց ցեղասպանության զոհերի հուշահամալիր այցելությունից հետո X սոցիալական հարթակում արված առաջին գրառման հեռացմանը, հայտնում է «Արմենպրեսը»։
Այդ թեման մեծ արձագանք է ստացել միջազգային մամուլում՝ հարցին անդրադարձել են Bloomberg-ը, CNN-ը, Reuters-ը, The Associated Press-ը, The Wall Street Journal-ը, The New York Times-ը, The Washington Times-ը, բրիտանական The Independent-ը, իսրայելական The Times of Israel-ը և ռուսական լրատվամիջոցները:
CNN-ը գրել է, որ այս հարցով դիմել են Սպիտակ տան մամուլի քարտուղար Քերոլայն Լևիթին, որն ընդգծել է, որ ԱՄՆ վարչակազմի քաղաքականության մեջ փոփոխություն չի եղել։
«Ինչ վերաբերում է ձեր նշած հայաստանյան թվիթին, կարող եք հղում կատարել Սպիտակ տան կողմից Հայերի հիշատակի օրը հրապարակված ուղերձին, և այս պահին քաղաքականության մեջ որևէ փոփոխություն չի եղել», – ասել է Լևիթը փետրվարի 10-ին կայացած մամուլի ասուլիսի ժամանակ։
Իր հերթին Reuters-ը հաղորդել է, որ Վենսի օգնականը, որի անունը չի բացահայտվել, նշել է, թե առաջին գրառումը հրապարակվել է սխալմամբ՝ անձնակազմի այն անդամի կողմից, որը Հայաստան այցի ընթացքում չի եղել ԱՄՆ փոխնախագահի պատվիրակության կազմում։
«Սա օգտահաշիվ է, որը կառավարվում է անձնակազմի կողմից և հիմնականում փոխնախագահի գործունեությանն առնչվող լուսանկարներով և տեսանյութերով կիսվելու համար է», – ասել է Վենսի խոսնակը՝ հավելելով, որ նրա տեսակետները լավագույնս ներկայացվում են լրագրողներին հենց նրա կողմից տրված մեկնաբանություններում։
Հայաստանից մեկնելիս «Զվարթնոց» օդանավակայանում լրագրողների հետ զրույցում Վենսը ևս անդրադարձել է այս թեմային՝ նշելով, որ Ծիծեռնակաբերդ է այցելել հայկական կողմի առաջարկով։
«Նրանք ասացին՝ «սա մեզ համար շատ կարևոր վայր է», և ակնհայտ է, որ ես առաջին (ԱՄՆ) փոխնախագահն եմ, որ երբևէ այցելել է Հայաստան։ Նրանք խնդրեցին մեզ այցելել այդ վայր։ Բնականաբար, շատ սարսափելի բան է տեղի ունեցել հարյուր տարուց մի փոքր ավելի առաջ, և դա շատ, շատ կարևոր է նրանց համար մշակութային առումով», – մեջբերել է Վենսի խոսքերը The Associated Press գործակալությունը, որը նույնպես հոդված է հրապարակել փոխնախագահի էջում գրառման հեռացման թեմայով։
Փետրվարի 10-ին Ջեյ Դի Վենսը և նրա կինը՝ Ուշա Վենսը, այցելել են Ծիծեռնակաբերդի հուշահամալիր, ծաղկեպսակ են դրել Ցեղասպանության զոհերի հիշատակը հավերժացնող հուշակոթողի մոտ, ծաղիկներ են խոնարհել անմար կրակի առաջ, որից հետո X-ում Վենսի էջում հրապարակված գրառման մեջ նշվել է, որ փոխնախագահը և ԱՄՆ Երկրորդ տիկինը ծաղկեպսակ են դրել «Հայոց ցեղասպանության հուշահամալիրում՝ հարգանքի տուրք մատուցելով 1915 թվականի Հայոց ցեղասպանության զոհերին»։
Այնուհետև ԱՄՆ փոխնախագահը իր էջում կիսվել է իր խոսնակի հետևյալ գրառմամբ. «Փոխնախագահը և Երկրորդ տիկինը ծաղիկներ են դրել անմար կրակին և գրառում արել հուշամատյանում Հայաստան այցի վերջին օրը»։ Գրառմանը կցվել են նաև լուսանկարներ, ինչպես նաև հուշամատյանում Վենսի կատարած գրառումը։