Ավանեսյանը՝ կեղծ դեղերի մասին․ Պետք է աչալուրջ լինել

Ավանեսյանը՝ կեղծ դեղերի մասին․ Պետք է աչալուրջ լինել

11 փետրվարի 2026 – 14:10 AMT

PanARMENIAN.Net – Առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը, անդրադառնալով Հայաստանում կեղծ դեղերի հնարավոր շրջանառության մասին ահազանգերին, նշել է, որ պետք է աչալուրջ լինել, հայտնում է Aysor.am-ը:

Ավելի վաղ հայտարարվել էր հակաքաղցկեղային թանկարժեք «Ավաստին» դեղամիջոցի հնարավոր կեղծման վերաբերյալ ահազանգի մասին։

«Դեղերի հետկանչի մեխանիզմը մեր գործունեության ռուտինային գործընթացներից է։ Մենք և Դեղերի փորձագիտական կենտրոնը արտադրողների հետ ամենօրյա աշխատանք ենք իրականացնում, և ցանկացած ահազանգի կամ մտահոգության դեպքում տեսչական մարմնի հետ անցնում ենք օրենքով սահմանված ընթացակարգերը»,– ասել է նախարարը։

Ավանեսյանը նշել է, որ սա այնպիսի համակարգված մեխանիզմ է, որն ակտիվորեն կիրառվում է միջազգային պրակտիկայում, ուստի չպետք է ավելորդ անհանգստություն առաջանա հասարակության շրջանում։

«Վերջերս բացել ենք Դեղերի փորձագիտական կենտրոնի ամբողջովին նոր ու հագեցած լաբորատորիան։ Փորձաքննությունների առումով մենք լիարժեք ապահովված ենք և երաշխավորում ենք դեղերի անվտանգությունը»,– նշել է նա։

Շվեյցարական հայտնի Հոֆման-Լա Ռոշ դեղագործական ընկերությունից տեղեկատվություն է ստացվել Ավաստին (բևացիզումաբ) խտանյութ կաթիլաներարկման լուծույթի 25մգ/մլ (ապակե սրվակ 4մ) դեղի H0560B18 սերիայի կեղծման դեպքի վերաբերյալ։

«Ըստ կազմակերպության՝ դեղի H0560B18 սերիայի ապրանք երբևէ չի արտադրվել»,- հայտնել էին տեսչական մարմնից և նախազգուշացնում քաղաքացիներին ուշադիր լինել, խուսափել նշված սերիայի դեղի օգտագործումից:

Leave a Comment