Սամվել Կարապետյանը միաձայն ընտրվել է կուսակցության նախագահ, վաղը կհայտարարվի վարչապետի թեկնածուի անունը

Փետրվարի 11-ին կայացել է «Տաշիր» ընկերությունների խմբի նախագահ, բարերար Սամվել Կարապետյանի կուսակցության համագումարը, որի ընթացքում ընտրվել են կուսակցության նոր նախագահն ու խորհուրդը, հայտնել է «Մեր ձևով» շարժման խոսնակ Մարիաննա Ղահրամանյանը։ 

Համագումարի որոշմամբ՝ Կարապետյանը միաձայն ընտրվել է կուսակցության նախագահ, նշել է Ղահրամանյանը:

Խոսնակը հայտարարել է, որ Կարապետյանի կուսակցության պաշտոնական շնորհանդեսը տեղի կունենա փետրվարի 12-ին՝ ժամը 13։00-ին, Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում։

Նա հիշեցրել է, որ միջոցառման ընթացքում կհայտարարվի կուսակցության վարչապետի թեկնածուի անունը։

Կազմակերպիչների տեղեկացմամբ՝ Հայաստանի և օտարերկրյա զանգվածային լրատվամիջոցների համար կապահովվի միջոցառման ուղիղ հեռարձակում՝ բաց հղումով։ Լրագրողները հնարավորություն կունենան հետևել միջոցառմանը դահլիճից՝ առանց նկարահանող խմբի մասնակցության։

Միևնույն ժամանակ, նրա խոսքով, միջոցառման ավարտին մամուլի ասուլիս նախատեսված չէ։

«Մեր ձևով»-ն առաջարկել էր Մեղրիի զարգացման ծրագիր՝ կենտրոնանալով էներգետիկայի, լոգիստիկայի և բնակարանաշինության վրա, Գեղարքունիքի մարզի զարգացման ծրագիր՝ կենտրոնանալով Սևանա լճում ձմեռային զբոսաշրջության և ձկնաբուծության վրա, ինչպես նաև Հայաստանի քաղաքներում ու գյուղերում գործազրկության կրճատման ծրագիր:

Շարժումը տեղեկացրել էր նաև Ալավերդու կենտրոնական զբոսայգու վերակառուցման ծրագրերի մասին և առաջարկել Վանաձորում երկու արդյունաբերական նախագիծ՝ պարարտանյութերի արտադրության քիմիական գործարանի վերականգնում և քաղաքում նավթի վերամշակման կենտրոնի ստեղծում։ Շարժումը նաև մեկնարկել է էլեկտրաէներգիայի սակագների նվազեցման համազգային ստորագրահավաք, առաջարկել Սյունիքի մարզի 5 շրջանի զարգացման տեսլական։

Հունվարին «Մեր ձևով» շարժման համակարգող Նարեկ Կարապետյանը ներկայացրել էր Կարապետյանի կողմից առաջարկված տնտեսական զարգացման հայեցակարգը։ Այն բաղկացած է հինգ առանցքային քայլից, որոնք, ըստ նախաձեռնողների, կապահովեն Հայաստանի տնտեսական թռիչքն ու ժողովրդագրական կայունությունը։

Leave a Comment