Ապահովագրության նոր համակարգն արդեն մեկուկես ամիս է, ինչ հաջողությամբ գործում է՝ ծառայելով ՀՀ քաղաքացիների կյանքեր փրկելուն. առողջապահության նախարար

2025 թվականն առողջապահության համակարգի համար պատմական և շրջադարձային էր, այսօր կայացած մամուլի ասուլիսի ժամանակ ասաց ՀՀ առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը՝ հիշեցնելով, որ համընդհանուր (պարտադիր) բժշկական ապահովագրության ներդրման վերաբերյալ օրենսդրական փաթեթի ընդունումը  տեղի է ունեցել 2025 թվականի դեկտեմբերին:

Ըստ նրա՝ 2026 թվականի հունվարի 1-ից նոր համակարգը պաշտոնապես գործարկվել է և արդեն մեկուկես ամիս է՝ հաջողությամբ գործում է՝ ծառայելով ՀՀ քաղաքացիների առողջության պահպանմանն ու կյանքեր փրկելուն:

Անահիտ Ավանեսյանը շեշտեց՝ նախատեսվում է, որ ապագայում համընդհանուր ապահովագրությունն ընդգրկելու է ՀՀ ողջ բնակչությունը:

Ըստ այդմ՝ առաջին փուլում համակարգում ներառվել է շուրջ 1,6 միլիոն մարդ՝ առաջնահերթությունը տալով մինչև 18 տարեկան երեխաներին, 65-ից բարձր տարեցներին, հաշմանդամություն ունեցող անձանց և սոցիալապես անապահով քաղաքացիներին: Ծրագրվում է, որ առաջիկա երկու տարում ընդգրկվածությունը փուլ առ փուլ կընդլայնվի՝ ի վերջո դառնալով համընդհանուր:

Առողջապահության նախարարն ուշադրություն հրավիրեց այն հանգամանքի վրա, որ 2025 թվականին զգալիորեն աճել է նաև բժշկական ծառայությունների պետական պատվերի ծավալը:

Անդրադառնալով հարցին, թե ինչպես է համընդհանուր պարտադիր ապահովագրության ներդրումն ազդել մասնավոր ապահովագրական ընկերությունների աշխատանքի վրա, նախարարը փաստեց՝ բացասական ազդեցություն չի եղել։ Մասնավորապես, օրեր առաջ հուշագիր է ստորագրվել մասնավոր հատվածի ներկայացուցիչների հետ։ Ավանեսյանը միաժամանակ նշեց, որ հետաքրքրվել են՝ արդյոք պարտադիր ապահովագրության համակարգի մեկնարկից հետո նվազել է վերջիններիս հաճախորդների թիվը, սակայն ապահովագրողներից բացասական պատասխան են ստացել։

Նախարարը պարզաբանեց՝ քիչ չեն այն գործատուները, որոնք ցանկանում են իրենց աշխատակիցների համար ավելի ընդլայնված ապահովագրական փաթեթներ ձեռք բերել։ Դրանք ներառում են լրացուցիչ ծառայություններ, հետևաբար մասնավոր ապահովագրողների աշխատանքը չի պակասել։

Անահիտ Ավանեսյանը վստահություն հայտնեց՝  համընդհանուր ապահովագրական համակարգի գործարկումից հետո այդ մշակույթն միայն կխորանա, և գործատուներն ավելի հաճախ ընդլայնված կամավոր ապահովագրությունը կդիտարկեն որպես սոցիալական պատասխանատվության և աշխատակիցների մասին հոգատարության կարևոր տարր։

Leave a Comment