Հետաքննության տվյալներով՝ ICE-ի առնվազն մեկ աշխատակից տարիներ շարունակ ֆիզիկական բռնության է ենթարկել իր ընկերուհուն՝ այդպես էլ չկրելով համապատասխան պատասխանատվություն։ Մեկ այլ աշխատակից խոստովանել է, որ բազմիցս սեռական բռնություն է գործադրել իր հսկողության տակ գտնվող կնոջ նկատմամբ։ Երրորդ աշխատակիցը մեղադրվում է կաշառք ստանալու մեջ՝ վտարման ենթակա անձանց կալանքի որոշումները չեղարկելու նպատակով։
The Associated Press գործակալության ուսումնասիրությունը ցույց է տվել, որ 2020 թվականից ի վեր առնվազն երկու տասնյակ ICE աշխատակիցներ մեղադրվել են տարբեր հանցագործությունների մեջ։ Նրանց վերագրվող հանցանքները ներառում են ֆիզիկական և սեռական բռնության, կոռուպցիայի, ինչպես նաև ծառայողական լիազորությունների չարաշահման բազմաթիվ դեպքեր։
Չնայած դեպքերի մեծ մասը արձանագրվել է մինչև անցյալ տարի Կոնգրեսի կողմից ICE-ին 75 միլիարդ դոլար հատկացնելու որոշումը, որը նախատեսված էր նոր գործակալներ հավաքագրելու և ավելի մեծ թվով անձանց կալանավորելու համար, մասնագետները զգուշացնում են, որ նման իրավախախտումների թիվը կարող է աճել։ Նրանց կարծիքով՝ դրա պատճառ կարող են դառնալ նոր աշխատակիցների մեծ հոսքը և նրանց տրամադրված լայն լիազորությունները՝ ձերբակալություններ և արտաքսումներ իրականացնելու համար կիրառվող ավելի կոշտ մեթոդներով։
Թրամփի վարչակազմը խրախուսել է ծառայության գործակալներին՝ հայտարարելով, թե նրանք ծառայողական պարտականությունները կատարելիս ունեն «բացարձակ անձեռնմխելիություն», ինչպես նաև մեղմացրել է վերահսկողական մեխանիզմները։ Վերջերս մեկ դատավոր նշել է, որ ICE-ում ձևավորվում է օրենքի խախտումների հանդեպ հանդուրժողականության մշակույթ, իսկ փորձագետները կասկածի տակ են դնում ծառայության աշխատակիցների ընտրության, ստուգման և մասնագիտական պատրաստվածության որակը։
