11 փետրվարի 2026 – 12:54 AMT
PanARMENIAN.Net – ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի նախկին խոսնակ, Դեմոկրատական կուսակցության անդամ Նենսի Փելոսին քննադատել է ԱՄՆ փոխնախագահ Ջեյ Դի Վենսին Հայոց ցեղասպանության մասին գրառումը հեռացնելու համար՝ նշելով, որ ճշմարտությունը կարևոր է։ Այդ մասին նա գրառում է կատարել X-ի իր միկրոբոլոգում:
Ըստ նրա՝ դա խորապես հիասթափեցնող է, քանի որ «պատմություն ջնջելն անարգում է զոհերին և թուլացնում հանձնառությունը մարդու իրավունքների նկատմամբ ամենուրեք»:
«Երբ ես 2022 թվականին այցելեցի Հայաստան որպես խոսնակ, մեր Կոնգրեսի պատվիրակությունը կանգնած էր Ծիծեռնակաբերդում և հստակ ու առանց ներողություն խնդրելու խոսեց Հայոց ցեղասպանության մասին, քանի որ ճշմարտությունը կարևոր է»,-գրել է նա:
Նախկին պաշտոնյան հիշեցրել է, որ ԱՄՆ Ներկայացուցիչների պալատը 2019-ին մեծամասնությամբ ընդունել է բանաձև, որը ճանաչում էր Հայոց ցեղասպանությունը։
«Նախագահ Բայդենը բարոյական առաջնորդություն ցուցաբերեց՝ այն պաշտոնապես ճանաչելով 2021 թվականին: Դիրքորոշում, որը ամոթալի կերպով չեղյալ հայտարարեց Թրամփի վարչակազմը: Խորապես հիասթափեցնող է, թեև զարմանալի չէ, տեսնել, թե ինչպես է փոխնախագահը ջնջում այդ ճշմարտությունը ճանաչող գրառումը»,- գրել է Փելոսին։
Այդ թեման մեծ արձագանք է ստացել միջազգային մամուլում՝ հարցին անդրադարձել են Bloomberg-ը, CNN-ը, Reuters-ը, The Associated Press-ը, The Washington Times-ը, բրիտանական The Independent-ը, իսրայելյան և ռուսական լրատվամիջոցները:
ԱՄՆ փոխնախագահ Ջեյ Դի Վենսի գրասենյակը հայտարարել է, որ իր պաշտոնական X-ի էջում հրապարակված և հետագայում ջնջված գրառումը, որտեղ 1915 թվականի իրադարձությունները բնութագրված էին որպես ցեղասպանություն, «սխալմամբ է ուղարկվել»:
Վենսի պաշտոնական X-ի էջում հրապարակվել էր փոխնախագահի և նրա տիկնոջ լուսանկարը Ծիծեռնակաբերդի հուշահամալիրում, որը հետագայում հեռացվել է։ Այնտեղ ասվում էր, որ նրանք «մասնակցել են ծաղկեպսակ դնելու արարողությանը Հայոց ցեղասպանության հուշահամալիրում՝ ի հիշատակ 1915 թվականի Հայոց ցեղասպանության զոհերի»։