Ավանեսյան․ Գալու է մի օր, որ տարեկան զննումները դառնալու են պարտադիր

Ավանեսյան․ Գալու է մի օր, որ տարեկան զննումները դառնալու են պարտադիր

11 փետրվարի 2026 – 13:13 AMT

PanARMENIAN.Net – Առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը վստահեցրել է, որ պետության կողմից ապահովված առողջության համընդհանուր ապահովագրության շահառուների համար արդեն իսկ առկա է տարեկան բժշկական զննումներից օգտվելու հնարավորություն։

Նա նշել է, որ առողջապահության նախարարությունը դա խրախուսում է և գալու է մի օր, երբ դա դառնալու է պարտադիր, հայտնում է 1lurer.am-ը:

«Քայլեր ենք անում նաև, որպեսզի տարեկան զննումն անցնելու հարմարավետությունն էլ ապահովենք: Առաջիկայում ArMed-ում գործիքները կբացվեն, հիմա փորձարկման ընթացքում ենք, ըստ որի՝ կլինի օնլայն տարեկան զննման հարցաշար:

Անձը կլրացնի այդ հարցերը, կհաշվարկվեն նրա հիվանդացության ռիսկի ուղղութունները, և արդեն շատ ավելի սպեցիֆիկ հետազոտությունների ու հետագա քայլերի խորհրդատվություն կստանա»,- ասել է նախարարը:

Առողջության համընդհանուր ապահովագրության համակարգը սկսել է գործել 2026 թվականի հունվարի 1-ից։ Սկզբնական փուլում ընդգրկվել է 200 հազար դրամ և ավելի աշխատավարձ ստացող քաղաքացիները։ Առաջին փուլում ապահովագրության շահառուներ են դարձել նաև մինչև 18 տարեկանները և 65 տարին լրացած բոլոր անձինք՝ անկախ եկամտային մակարդակից։ Այս խմբերի համար պետությունը 2026 թվականին կիրականացնի 100 տոկոսանոց ֆինանսավորում։

Leave a Comment