ԱՄՆ-ն Վենեսուելայում նավթի և գազի հետախուզման ու արդյունահանման լիցենզիաներ է տվել

ԱՄՆ ֆինանսների նախարարության արտասահմանյան ակտիվների վերահսկման վարչությունը (OFAC) Վենեսուելային ընդհանուր լիցենզիաներ է տրամադրել՝ թույլատրելով ապրանքների և ծառայությունների մատակարարում, ինչպես նաև նավթի ու գազի արդյունահանման հետ կապված որոշակի գործողություններ։

Մասնավորապես, լիցենզիան թույլ է տալիս ամերիկյան ընկերություններին նավթ ու բնական գազ հետախուզել, մշակել և արդյունահանել Վենեսուելայում։

Պարզաբանվում է, որ թույլատրված են գործառնություններ, որոնք ներառում են վճարումների մշակում, փոխադրումների և լոգիստիկ ծառայությունների կազմակերպում, ներառյալ նավերի վարձումը, ծովային ապահովագրություն ստանալը և պաշտպանության ու վնասների փոխհատուցման ծախսերի ծածկումը, ինչպես նաև նավահանգստային ու տերմինալային ծառայությունների կազմակերպումը։

Բացի այդ, լիցենզիան թույլ է տալիս վերանորոգել նավթի կամ գազի արդյունահանման համար օգտագործվող սարքավորումները։

Լիցենզիան նախատեսում է, որ արտոնված գործողությունների անցկացման ցանկացած պայմանագիր, որն ստորագրվել է Վենեսուելայի կառավարության կամ PDVSA պետական ​​էներգետիկ ընկերության հետ, պետք է համապատասխանի ԱՄՆ-ի օրենսդրությանը, իսկ վեճերը պետք է լուծվեն Միացյալ Նահանգներում։

Դրա հետ մեկտեղ, լիցենզիայի b կետի համաձայն, արգելված է ցանկացած գործարք այն անձանց մասնակցությամբ, որոնք «գտնվում կամ կազմակերպվում են Ռուսաստանի Դաշնության, Իրանի, ԿԺԴՀ-ի, Կուբայի, Չինաստանի օրենսդրությանը համապատասխան, ինչպես նաև այն անձանց մասնակցությամբ, որոնք գտնվում են վերը նշված երկրների սեփականության կամ նրանց ուղղակի կամ անուղղակի վերահսկողության ներքո, ինչպես նաև նրանց հետ համատեղ ձեռնարկություններում»։

Leave a Comment