11 փետրվարի 2026 – 13:18 AMT
PanARMENIAN.Net – Հայաստանում Ռուսաստանի դեսպան Սերգեյ Կոպիրկինը, Դիվանագիտական աշխատողի օրվա կապակցությամբ կազմակերպված ընդունելության ժամանակ ունեցած ելույթում նշել է,որ Ռուսաստանը շարունակում է մնալ Հայաստանի առաջատար առևտրատնտեսական և ներդրումային գործընկերը, ինչպես նաև էներգետիկ և պարենային անվտանգության երաշխավորը՝ արտաքին ցնցումներին հակառակ։
Նրա խոսքով՝ Հայաստանի և Ռուսաստանի փոխհարաբերությունները նոր փուլ են մտել, որն ուղեկցվում է փոխվող աշխարհաքաղաքական իրավիճակով։ Այդ փոփոխությունները, ըստ դեսպանի, զգացվում են նաև Հարավային Կովկասում, հայտնում է Sputnik Արմենիան:
«Առկա մարտահրավերների հաղթահարումը երկու կողմերից պահանջում է երկարաժամկետ քաղաքական կամք և ռազմավարական իմաստություն՝ երկկողմ փոխգործակցության կուտակված արդյունքը պահպանելու և բազմապատկելու համար»,- նշել է նա:
Դեսպանի գնահատմամբ՝ այդ նպատակին աջակցել է նաև ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի Մոսկվա կատարած այցը։
Կոպիրկինը վստահեցրել է, որ Ռուսաստանը շահագրգռված է տեսնելու Հայաստանը որպես ուժեղ, ինքնիշխան և ինքնաբավ պետություն։ Նրա համոզմամբ՝ այդ նպատակին ծառայում է Հայաստանի լիարժեք ներգրավվածությունը ինտեգրացիոն ձևաչափերում, որոնք Մոսկվան ղեկավարում է։ Դեսպանը նշել է, որ միայն ԵԱՏՄ անդամակցության 10 տարիների ընթացքում Հայաստանի ՀՆԱ-ն 2.5 անգամ աճել է։
Նա նշել է նաև մշակութային և մարդասիրական ոլորտներում կայուն համագործակցության շարունակականությունը՝ ընդգծելով, որ ռուս զբոսաշրջիկները շարունակում են լինել ամենաշատը Հայաստան այցելող օտարերկրյա քաղաքացիները։
Կոպիրկինը հավելել է, որ հայ և ռուս ժողովուրդների բարեկամությունը գալիս է սերունդներից ու ամրապնդվել է դարերի ընթացքում՝ միասնաբար հաղթահարած փորձություններով, ձեռքբերումներով ու սերտ մարդկային հարաբերություններով։
Նրա գնահատմամբ՝ ներկայում աշխարհում ընթանում են խորքային, «տեկտոնական» տեղաշարժեր, որոնք տանում են դեպի բազմաբևեռ աշխարհակարգ։ Այդ գործընթացում ձևավորվում են նոր ազդեցության կենտրոններ՝ թե՛ քաղաքական, թե՛ տնտեսական, տեխնոլոգիական և ֆինանսական առումներով։ Չնայած ապագա աշխարհակարգի հստակ սահմանները դեռ վաղ է կանխատեսել, Կոպիրկինը համոզմունք է հայտնել, որ դրա հիմքում պետք է լինի իրավահավասարություն, փոխադարձ հարգանք և համաձայնեցված շահերի նկատմամբ ուշադրություն։
Ըստ նրա՝ այս սկզբունքներին հետևում են նաև նոր ձևավորվող բազմակողմ ասոցիացիաները, ինչպիսին են ՇՀԿ-ն և ԲՐԻԿՍ-ը։ Դեսպանը նշել է նաև, որ ըստ Մոսկվայի դիրքորոշման՝ ավարտվել է հավաքական Արևմուտքի՝ աշխարհի մնացած մասի հետ հաշվի չնստող գերիշխանության ժամանակաշրջանը, և այդ գործընթացն արդեն անդառնալի է։
ԱՄՆ փոխնախագահ Ջեյ Դի Վենսը ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ հանդիպումից հետո հայտարարել է, որ Հայաստանը և ԱՄՆ-ն ավարտել են քաղաքացիական միջուկային էներգիայի ոլորտում 1-2-3 համաձայնագրի շուրջ բանակցությունները՝ բացելով լայն հնարավորություններ խոշոր ծրագրերի իրականացման համար։ Նա նշել է, որ դա ենթադրում է մինչև 5 միլիարդ դոլարի սկզբնական արտահանում ԱՄՆ-ից՝ գումարած 4 միլիարդ դոլարի աջակցություն վառելիքի և սպասարկման միջոցով: