Պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանի հրամանով՝ 20 և ավելի տարիներ իր հոգևոր ծառայությունը բերած ՀՀ ԶՈւ Հոգևոր առաջնորդությունը լուծարվել է։ Բանակում ծառայող հոգևորականը դադարում է լինել Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի ներկայացուցիչը, չնայած հոգևոր կրթության պահանջը պարտադիր է, սակայն հետայսու նա ներկայանում է որպես սպա ու ենթարկվում ՀՀ ԶՈւ բարոյահոգեբանական ապահովման վարչությանը։
Aysor.am-ի տեղեկությունների համաձայն՝ այս որոշումից հետո Պաշտպանության նախարարությունը որոշել է չեղարկել Երուսաղեմի ժառանգավորաց վարժարանի ուսանողների տարկետումը։
Ուսանողները Հայաստան էին եկել անձնագրի ժամկետը երկարաձգելու և ընտանիքի անդամներին տեսնելու համար, իսկ հետո չեն կարողացել հետ վերադառնալ վարժարան։
Թեմայի հետ կապված գրավոր հարցում էինք ուղարկել ՀՀ պաշտպանության նախարարություն, ՊՆ-ից «շատ սպառիչ» պատասխան ենք ստացել։
Գնդերեցների վերաբերյալ հարցին ի պատասխան՝ ՀՀ ՊՆ գլխավոր քարտուղար Համլետ Բատիկյանը նշել է, թե Սուրեն Պապիկյանն ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում խոսել է այդ թեմայից, այլ տեղեկություն տրամադրել չեն կարող, իսկ Երուսաղեմի ժառանգավորաց վարժարանի սաների վերաբերյալ հարցը ՊՆ-ն անտեսել է, որևէ պատասխան չի տրվել Aysor.am-ին։
Փորձեցինք պարզաբանում ստանալ Երուսաղեմի ժառանգավորաց վարժարանի և ընծայարանի տեսուչ` Հոգեշնորհ Տեր Գևորգ վարդապետ Հայրապետյանից։
Հայր Գևորգն Aysor.am-ի հետ զրույցում ասաց, որ սաներից մեկին տրվել է տարկետում, քանի որ առողջական խնդիր ունի։
«Իսկ երկուսը հիմա բանակում են, բայց՝ ժամանակավոր, իրենց վերաբերյալ կա հատուկ մոտեցում՝ խնդիրը կարգավորելու համար, իրենց վերաբերյալ օրենքը հաստատված չէ, դրա համար խնդիրը կարգավորման մեջ է»,- նշեց Հայր Սուրբը։
Երուսաղեմի ժառանգավորաց վարժարանի և ընծայարանի տեսուչի խոսքով՝ ՊՆ-ից խոստացել են մեկ ամսվա ընթացքում լուծել հարցը։