Հակակոռուպցիոն դատարանը «Տաշիր» ընկերությունների խմբի ղեկավար, բարերար Սամվել Կարապետյանի տնային կալանքի սահմանափակումների մասին նիստ է կայացրել, որի ընթացքում որոշվել է բացի ընտանիքի անդամներից, որևէ մեկին թույլ չտալ հանդիպել նրան, գրել է «Ժողովուրդ» օրաթերթը՝ հղում անելով իր աղբյուրներին։
Ըստ թերթի՝ նրա պաշտպանական կողմը դատարան է դիմել վարսավիրի հանդիպման համար, ինչը բավարարել են դատարանից վարսավիրի այցը թույլատրելու պայմանով։
«Հրապարակ» օրաթերթի տեղեկություններով՝ դատարանը թույլ է տվել, որ վարսավիրն ամսական 2 անգամ Կարապետյանին ծառայություն մատուցի։ Դատարանը մոտ 3 ժամանոց նիստ է արել, լսել կողմերին՝ նման որոշում կայացնելու համար այն դեպքում, երբ կալանավայրում վարսավիրն ազատ ելումուտ է ունեցել նրա խուց։
Կարապետյանին կալանավորել էին 2025-ի հունիսին եկեղեցու դեմ արշավը քննադատելուց հետո։ Ավելի քան վեց ամիս անազատության մեջ անցկացնելուց հետո՝ դեկտեմբերի 30-ից, նրա նկատմամբ խափանման միջոց էր կիրառվել տնային կալանքը և գրավը։
Այս պահի դրությամբ կալանքի տակ է 4 արքեպիսկոպոս՝ Բագրատ Գալստանյանը, Միքայել Աջապահյանը, Արշակ Խաչատրյանը, Մկրտիչ Պռոշյանը։ Կալանքի տակ են նաև Գարեգին Երկրորդի եղբայրն ու եղբորորդին։
