ԱԺ-ն ամբողջությամբ ընդունեց զորակոչից խուսափածներին վերաբերող նախագիծը

Բանակից խուսափած 27-ից 37 տարեկան հայաստանցիները կկարողանան ազատվել քրեական պատասխանատվությունից, Ազգային ժողովը ամբողջությամբ ընդունեց «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Հայկ Սարգսյանի օրենսդրական առաջարկը։ Օրինագիծն ընդունվել է երկրորդ ընթերցմամբ՝ 86 կողմ, 0 դեմ, 5 ձեռնպահ ձայներով։

ԱԺ պաշտպանության հանձնաժողովն անցած շաբաթ կողմ քվեարկեց բանակից խուսափածներին քրեական պատասխանատվությունից ազատելու մասին նախագծին:

«Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Հայկ Սարգսյանի՝ ամբողջական, մասնակի ծառայության կամ գումարի դիմաց դասալքության պատժից ազատող նախագիծը հունվարիին ընդունվել էր առաջին ընթերցմամբ, որին կողմ էին արտահայտվել նաև ընդդիմադիր «Հայաստան» խմբակցության պատգամավորները։

ՔՊ-ական պատգամավորն իր հեղինակած օրինագծով առաջարկում է
դասալքության համար հետախուզվող հայաստանցիներին քրեական պատասխանատվությունից ազատվելու հինգ տարբերակ։ Առաջին տարբերակով՝ ինքնակամ Հայաստան վերադառնալ ու 24 ամիս ծառայել, երկրորդով՝ 12 ամիս ծառայել և պետական բյուջե վճարել 2.5 մլն դրամ, երրորդով՝ ծառայել 6 ամիս ժամկետով և պետական բյուջե վճարել 5 մլն դրամ, չորրորդով՝ ծառայել 1 ամիս ժամկետով և պետական բյուջե վճարել 8 մլն դրամ։ Իսկ ընդհանրապես չծառայելու դեպքում պետությանը վճարել 15 միլիոն դրամ։

Leave a Comment