ԵՄ խորհրդարանի պատգամավորները կոչ են արել Բաքվին ազատ արձակել հայ գերիներին

ԵՄ խորհրդարանի պատգամավորները կոչ են արել Բաքվին ազատ արձակել հայ գերիներին

11 փետրվարի 2026 – 10:45 AMT

PanARMENIAN.NetԵվրախորհրդարանի մի խումբ պատգամավորներ՝ Մարդու իրավունքների ենթահանձնաժողովի նախագահ Մունիր Սաթուրին, Հարավային Կովկասի հետ հարաբերությունների պատվիրակության ղեկավար Նիլս Ուշակովսը, ինչպես նաև Հայաստանի ու Ադրբեջանի հարցերով մշտական զեկուցողներ Միրիամ Լեքսմանն ու Դան Բառնան հանդես են եկել համատեղ հայտարարությամբ՝ դատապարտելով Բաքվում պահվող հայ գերիների գործերով փետրվարի 5-ին կայացված դատավճիռները՝ նախազգուշացնելով, որ այդ որոշումները կարող են վտանգել Հարավային Կովկասում ծավալվող փխրուն, սակայն դրական զարգացող խաղաղ գործընթացը։

Եվրոպական խորհրդարանի պատգամավորները կոչ են արել Ադրբեջանին հենվել ներկայիս դրական շարժի վրա և ազատ արձակել Ադրբեջանի հսկողության տակ գտնվող բոլոր հայ գերիներին՝ դա որակելով որպես նշանակալի բարի կամքի դրսևորում ու ևս մեկ կարևոր քայլ՝ Հարավային Կովկասում կայուն խաղաղության ուղղությամբ, հայտնում է Արմենպրեսը:

Պատգամավորները խորը ափսոսանքով են արձանագրել Բաքվի դատարանում կայացված վճիռները՝ ընդգծելով, որ դրանք ներառում են նաև ցմահ ազատազրկման հինգ դատավճիռ,

Համատեղ հայտարարության մեջ նշվում է, որ այս դատական զարգացումները տեղի են ունեցել զգայուն փուլում, երբ վերջին տարվա ընթացքում Հայաստանի և Ադրբեջանի միջև որոշակի դրական ազդակներ են նկատվել՝ ուղղված խաղաղության և վստահության ամրապնդմանը։ Պատգամավորները հիշեցրել են, որ 2025 թվականի օգոստոսի 8-ին երկու կողմերն էլ Վաշինգտոնում հայտարարել են առաջընթացի մասին՝ նախաստորագրելով «Խաղաղության և միջպետական հարաբերությունների հաստատման մասին» համաձայնագրի տեքստը։

Նրանք նաև հիշատակել են 2026 թվականի հունվարին չորս հայ գերիների ազատ արձակումը, ովքեր գերեվարված են եղել Ադրբեջանում 2020 և 2023 թվականներից ի վեր, ինչպես նաև նշել են գործնական համագործակցության մի շարք նախաձեռնություններ, այդ թվում՝ բեռնափոխադրումների տարանցիկ շարժը Ադրբեջանի տարածքով դեպի Հայաստան։

Հայտարարության հեղինակները հատուկ ուշադրություն են դարձրել միջազգային կարևոր խորհրդանշական հանգամանքին՝ ընդգծելով, որ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևն ու Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը դարձել են 2026 թվականի «Զայեդի» մարդկային եղբայրության մրցանակի դափնեկիրներ՝ տարածաշրջանում խաղաղության ամրապնդման ուղղությամբ գործադրած հետևողական ջանքերի համար։

ԼՂՀ նախկին նախագահ Արայիկ Հարությունյանը դատապարտվել է ցմահ ազատազրկման: Ցմահ ազատազրկման են դատապարտվել նաև ՊԲ նախկին հրամանատար Լևոն Մնացականյանը և նախկին հրամանատարի առաջին տեղակալ Դավիթ Մանուկյանը, ինչպես նաև Արցախի Հանրապետության ԱԳ նախկին նախարար Դավիթ Բաբայանն ու ԱԺ նախագահ Դավիթ Իշխանյանը: Արցախի Հանրապետության նախկին նախագահներ Արկադի Ղուկասյանն ու Բակո Սահակյանը դատապարտվել են 20 տարվա ազատազրկման:

Մադաթ Բաբայանը և Մելիքսեթ Փաշայանը դատապարտվել են 19 տարվա ազատազրկման, Գարիկ Մարտիրոսյանը՝ 18, Դավիթ Ալահվերդյանը և Լևոն Բալայանը՝ 16, Էրիկ Ղազարյանը, Գուրգեն Ստեփանյանը, Վասիլ Բեգլարյանը՝ 15 տարվա ազատազրկման։

Leave a Comment