11 փետրվարի 2026 – 10:39 AMT
PanARMENIAN.Net – Վարչապետ Նիկոլ Փաշինյանը Հանրային հեռուստատեսության եթերում, անդրադառնալով Ռուսաստանի հետ հարաբերություններին, ասել է, որ ՀՀ օրակարգում երբևէ չի եղել, չկա և չի լինելու ՌԴ-ի շահերին վնասելու մտադրություն:
«Մենք բոլոր գործընկերներին ասում ենք, որ Ռուսաստանի շահերին վնասելը չի եղել, չկա և չի լինելու մեր օրակարգում՝ բացառված է։ Որևէ մեկը մեզ չի կարողանալու ներքաշել ՌԴ դեմ գործելու տրամաբանության մեջ, թեև մինչ այժմ նման փորձեր չեն եղել»,- ասել է նա՝ հավելելով, որ Հայաստանը գնահատում է ՌԴ հետ ունեցած հարաբերությունները։
Փաշինյանը կարևորել է նաև անձնական հարաբերությունները:
«Ես շատ ուղիղ և ջերմ հարաբերություններ ունեմ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի, կառավարության ղեկավար Մխայիլ Միշուստինի հետ։ Սա մեր ռազմավարությունն է, մենք երբեք չենք գործելու ՌԴ դեմ»,-ասել է նա:
Միևնույն ժամանակ Փաշինյանը նշել է, որ կարող են լինել նաև խնդիրներ որոշ իրավիճակներում, քանի որ «միշտ գործում են ի շահ Հայաստանի»:
Անդրադառնալով օգոստոսի 8-ին ԱՄՆ-ում կնքված փաստաթղթին՝ նա ասել է, որ դրա հիմքում այն բովանդակությունն է, որը նախորդ տարիներին առաջարկվել է ՌԴ-ին։
«Իհարկե, TRIPP չկար, բայց ընդամենը հինգ բառ ենք ուզել՝ տարածքային ամբողջականություն, ինքնիշխանություն, իրավազորություն, սահմանների անխախտելիություն։ Մենք ասել ենք՝ դրեք այս հինգ բառը թղթի մեջ, և ցանկացած պահի կստորագրեմ այդ թուղթը»,-ասել է նա՝ հավելելով, որ ՌԴ հետ չենք կռվելու:
Օգոստոսի 8–ին Սպիտակ տանը կայացած ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի, ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի եռակողմ հանդիպմանը ստորագրվել է համատեղ Հռչակագիր` Վաշինգտոնում տեղի ունեցած հանդիպման արդյունքների մասին:
Վաշինգտոնում Հայաստանի ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը և Ադրբեջանի ԱԳ նախարար Ջեյհուն Բայրամովը Հայաստանի, Ադրբեջանի և ԱՄՆ ղեկավարների ներկայությամբ նախաստորագրել են «Հայաստանի Հանրապետության և Ադրբեջանի Հանրապետության միջև խաղաղության և միջպետական հարաբերությունների հաստատման մասին» համաձայնագիրը։