11 փետրվարի 2026 – 10:20 AMT
PanARMENIAN.Net – Վարչապետ Նիկոլ Փաշինյանը Հանրային հեռուստաընկերությանը տված հարցազրույցում ասել է, որ ԱՄՆ փոխնախագահ Ջեյ Դի Վենսի հետ հանդիպման ժամանակ քննարկել է Բաքվում գտնվող հայ գերիների հարցը։
«Խնդրում եմ այդ հարցի շուրջ հնարավորինս քիչ մանրամասներ ակնկալեք, բայց հարցը եղել է օրակարգում և քննարկվել է։ Ավելին ասեմ՝ գործնականում որևէ ուղիղ կամ անուղղակի վերաբերելի այդպիսի բանակցություն չկա, որտեղ մենք այդ թեմային չանդրադառնանք, չկա ուղղակի։
Ասում եմ վերաբերելի, քանի որ կարող են լինել ձևաչափեր, որտեղ ընդհանրապես ոչ մի ուղղակի կամ անուղղակի առնչություն չլինի, բայց մենք այդ հարցը պարբերաբար բարձրացրել ենք, բարձրացնում ենք և հետևողական կլինենք այդ հարցի լուծման մեջ»,- ասել է վարչապետը։
Անդրադառնալով այն հարցին, թե ուր են խաղաղությունն ու մարդկայնությունը, երբ Բաքվում հայերին ցմահ ազատազրկման են դատապարտում՝ Փաշինյանն ասել է, որ այդ դատավճիռներն իր համար անձնապես ցավալի են ու ծանր, սակայն պետք է գիտակցել, որ հակամարտությունը հնարավոր չէ կանգնեցնել մեկ գործիքի կիրառմամբ։
Նա հավելել է, որ հարցի լուծման ճանապարհը խաղաղությունն է՝ նշելով, որ Վագիֆ Խաչատրյանը հիմա Հայաստանում չէր լինի, եթե խաղաղություն չլիներ:
ԱՄՆ փոխնախագահը Հայաստանում, Բաքու մեկնելուց առաջ, ասել էր, որ Ադրբեջանում նախատեսվող հանդիպումների ժամանակ կբարձրացնի հայ գերիների հարցը։