Դա բռնաբարման փորձի արդյունք է. Լավրով

Դա բռնաբարման փորձի արդյունք է. Լավրով

ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովն Ուկրաինայի կարգավորման վերաբերյալ նոր փաստաթղթերի նախագծերը որակել է որպես Կիևի և արևմտյան մի շարք երկրների կողմից ԱՄՆ խաղաղության նախաձեռնության «բռնաբարում»։

Նրա խոսքով՝ հետագա բոլոր տարբերակները Վլադիմիր Զելենսկու և նրա «հովանավորների»՝ Մեծ Բրիտանիայի, Գերմանիայի, Ֆրանսիայի և Բալթյան երկրների կողմից «ամերիկյան նախաձեռնության «բռնաբարման» փորձի արդյունք են»։

Լավրովը հիշեցրել է, որ ԱՄՆ առաջարկած ծրագրում առկա է դրույթ՝ Ուկրաինայում ռուսների՝ որպես ազգային փոքրամասնության իրավունքների վերականգնման վերաբերյալ։

«Վերջին տարբերակներում, որոնք հայտնվել են մամուլում, այդ մասին որևէ հիշատակում չկա։ Փոխարենը նշվում է, որ կողմերը պետք է հանդուրժողականություն ցուցաբերեն միմյանց նկատմամբ։ Խոսվում է ինչ-որ «հանդուրժողականության համաձայնագրի» մասին։ Նշվում է նաև, որ Ուկրաինան կպահպանի Եվրամիության համապատասխան նորմերը՝ հանդուրժողականության և այլ սկզբունքների վերաբերյալ», — ասել է Լավրովը։

Անդրադառնալով Ալյասկայի գագաթնաժողովից հետո ԱՄՆ-ի, Եվրոպայի և Ուկրաինայի ներկայացուցիչների կողմից քննարկված 20 կետից բաղկացած փաստաթղթին՝ նախարարը նշել է, որ այն ռուսական կողմին չի փոխանցվել։

«Անկորիջում մեզ հաջողվել էր ձևավորել մոտեցումներ, որոնք հիմնված էին ամերիկյան առաջարկների վրա և հնարավորություն էին տալիս շարժվել խաղաղ կարգավորման ուղղությամբ։ Փաստաթուղթը ներառում էր սկզբունքային բոլոր հարցերը և առաջարկում էր կարգավորել դրանք՝ հաշվի առնելով տեղում ձևավորված իրողությունները, այդ թվում՝ այն իրավիճակները, որոնք ստեղծվել են ռուս բնակչությանը նացիստական ռեժիմից, ինչպես նաև ռուսաց լեզվի, մշակույթի, պատմության և ուղղափառության նկատմամբ իրականացվող քաղաքականությունից պաշտպանելու նպատակով», — ընդգծել է Լավրովը։

Նրա գնահատմամբ՝ այդ հիմքի վրա հնարավոր էր արագ համաձայնեցնել վերջնական խաղաղության պայմանագիրը։

Leave a Comment