Թուլուզում Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին նվիրված խաչքար-հուշարձանը պղծվել է անհայտ անձանց կողմից, X-ում հայտնել Է ակտիվիստ Էլիս Էլվան Չելիքը․
«Անընդունելի է։ Այս արարքը «հիմար սխալ» չէ. դա հիշողության վրա լուրջ հարձակում է։ Այս ամենի լույսի ներքո քաղաքապետարանի լռությունն անընդունելի է։
Մեղավորները պետք է բացահայտվեն և պատժվեն»,- գրել է Էլիս Էլվան Չելիքը։
Հիշեցնենք` խաչքար-հուշարձանը, որը գտնվում է դ’Արմենի հրապարակում (Հայաստանի հրապարակ), նվիրված է 1915 թվականին զոհված 1,5 միլիոն հայերի հիշատակին։
Հուշարձանը, որը տեղադրվել է 1993 թվականին, Հայաստանի կողմից փոխանցվել է Թուլուզ քաղաքին՝ ի նշան երախտագիտության 1988 թվականի երկրաշարժից հետո ցուցաբերված աջակցության համար։ Ավելի ուշ՝ 2015 թվականին, Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի կապակցությամբ հուշարձանին ավելացվել է հուշատախտակ։
Այս վայրը հիշատակի խորհրդանիշ է և արտացոլում է ինչպես Ֆրանսիայի կողմից Հայոց ցեղասպանության ճանաչումը, այնպես էլ երկրում հայկական համայնքի բազմամյա ներկայությունը։