Ռուսաստանի շահերին վնասելը չի լինելու մեր օրակարգում․ Փաշինյան

Ռուսաստանի շահերին վնասելը չի լինելու մեր օրակարգում․ Փաշինյան

Ռուսաստանի շահերին վնասելը չի լինելու մեր օրակարգում, որևէ մեկը մեզ չի կարողանալու ներքաշել ՌԴ-ի դեմ գործելու տրամաբանության մեջ, Հանրային հեռուստաընկերության եթերում հայտարարել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։ 

Վարչապետը պատասխանել է հարցին, թե ի՞նչ այլընտրանքային լուծում ունենք, եթե Ռուսաստանը, օրինակ, հրաժարվի երկաթուղին վերանորոգել։ 

«Նախ մենք, իհարկե, դիմել ենք Ռուսաստանի մեր գործընկերներին, և քաղաքական առումով, կարծես թե, ունենք դրական արձագանք: Բայց այստեղ կա մի շատ կարևոր գործնական խնդիր: Տեսեք, նույն տարածաշրջանային կոմունիկացիաներում մենք ի՞նչ խնդիր ունենք: Ակնհայտ է, որ երկաթուղին Զանգելանից մտնելու է Մեղրի, Մեղրիից մտնելու է Նախջևան, այսինքն՝ Օրդուբադ և այլն: Միջազգային կոնտեքստում շատ կարևոր է, թե ինչպես է շարունակվելու այդ երկաթուղին։

Հիմա կան մրցակցող երկու տարբերակներ։ Դուք գիտեք, որ Թուրքիան և Ադրբեջանը հայտարարել են Կարս-Դիլիջու, այսինքն՝ Կարսից Նախջևան նոր երկաթուղի կառուցելու նախագծի մասին: Եվ, բնականաբար, մենք ակնկալում ենք, որ միջազգային երթուղին գործի Երասխ-Ախուրիկ ճանապարհի երթով, որտեղ կա գործող երկաթուղի, որովհետև Երասխի հատվածում ընդամենը մի քանի կիլոմետր է պակասում երկաթուղային ռելսերը, իսկ Ախուրիկում ավելի կարճ, դա արդեն Թուրքիայի սահմանն է։ Եվ հիմա մենք պետք է կենտրոնանանք մեր մրցակցային առավելությունների վրա։ Այստեղ մենք տեսնում ենք, որ միջազգային համատեքստում այն փաստը, որ երկաթուղու այդ հատվածը գտնվում է Ռուսաստանի կառավարման ներքո, օգտագործվում է Կարս-Դիլիջու երթուղին ավելի նպաստավոր ներկայացնելու համար, և սա մեզ համար խնդիր է, որովհետև ստացվում է, որ մենք մեր մրցակցային առավելությունները, այն պարագայում, երբ ունենք պատրաստի երկաթուղի… Իհարկե, այդ երկաթուղին ժամանակակից պահանջներին համապատասխանեցնելու համար մի քանի հարյուր միլիոն դոլարի լրացուցիչ ներդրում պետք կլինի: Ուզում եմ հասկանալի լինի՝ զուտ փոքր, բացակայող հատվածները վերականգնելն առանձնապես մեծ խնդիր չէ ո՛չ ֆինանսական, ո՛չ տեխնիկական առումով, բայց պետք է այդ երկաթուղու արագությունը մենք անպայման ապահովենք։

Հիմա տեսեք, մենք շատ հարգանքով, սիրով մեր ռուսաստանյան գործընկերներին, բայց փաստն այն է, որ միջազգային լարված համատեքստի պատճառով, մենք այն փաստի բերումով, որ մեր երկաթուղին, որը մեր սեփականությունն է, սա շատ կարևոր է, գտնվում է ռուսական երկաթուղիների կառավարման ներքո, մենք այստեղ մեր մրցակցային առավելությունը զգում ենք, որ կորցնում ենք: Եվ այստեղ մենք պետք է մտածենք՝ ինչ պետք է անենք, որովհետև սա մի տարվա երկու տարվա, երեք տարվա, չորս տարվա հարց չէ:

Մենք պետք է լուծում գտնենք, և այդ լուծումը պետք է գտնենք բարեկամական, ընկերական, եղբայրական տրամաբանության մեջ: Նախ այսօր մենք, ցավոք, տեսնում ենք և ինֆորմացիաներ են պտտվում, անընդհատ տարբեր տեղերում այս փաստը, որ դա ներկայացվում է որպես ռուսական ուղի, բայց և դրա համար զրոյից, պատկերացնում եք, մի քանի միլիարդ դոլարի ներդրում է արվում Կարս-Դիլիջու երկաթգիծը կառուցելու համար։ Եվ, ճիշտն ասած, մեր գործընկերներին այս հարցը ուղիղ տվել եմ՝ և Թուրքիայի նախագահին, և Ադրբեջանի նախագահի հետ՝ ոչ այդքան մանրամասն։ Ես ասել եմ՝ մենք գնում ենք կարգավորման, մենք գնում ենք խաղաղության, այսինքն՝ մենք արդեն խաղաղության պայմաններում ենք, և Հայաստանով անցնում է այդ երկաթուղին, ինչո՞ւ եք մի քանի միլիարդ դոլար ծախսում ստեղծելու համար մի բան, որն արդեն իսկ գոյություն ունի։ Իհարկե, այդ հարցին դիվանագիտական լռությունով են պատասխանել, բայց նաև հիմա շատ քննարկումներ՝ միջազգային մամուլը, միջազգային փորձագիտական համայնքի վերլուծությունները տեսնելով՝ մենք հասկանում ենք, որ հիմնական խնդիրը սա է, և մենք պետք է հասկանանք ինչ լուծումներ ունենք, որովհետև նորից եմ ասում՝ խոսքը Հայաստանի ռազմավարական երկարատև շահերի մասին է, և մեր բոլոր բարեկամ երկրները պետք է շահագրգռված լինեն, որ մեր շահերը սպասարկվեն և ոչ թե հակառակը՝ մեր շահերը հայտնվեն փակուղու մեջ։

Ես ուզում եմ Ձեզ հետ և հանրության հետ կիսել Ռուսաստանի հետ մեր հարաբերությունների վերաբերյալ մեր ռազմավարական պատկերացումները: Մենք բոլոր տեղերում, մեր բոլոր գործընկերների հետ կիսում ենք հետևյալ միտքը, որ Ռուսաստանին, Ռուսաստանի շահերին վնասելը չի եղել, չկա և չի լինելու մեր օրակարգում։ Դա բացառված է: Որևէ մեկը մեզ չի կարողանալու, եթե նույնիսկ փորձի, մինչև հիմա փորձեր չեն էլ եղել, բայց՝ որևէ մեկը մեզ չի կարողանալու ներքաշել Ռուսաստանի դեմ գործելու տրամաբանության մեջ։ Եվ նաև մենք ռուսաստանցի մեր գործընկերներին ենք ասում, ասում ենք՝ գիտեք, մենք չենք կռվելու ձեզ հետ, մենք չենք վիճելու ձեզ հետ, մենք ձեզ հետ այսպես՝ վիճաբանության, լեզվակռվի մեջ չենք մտնելու, որովհետև մենք գնահատում ենք այն հարաբերությունները, որն ունենք։

Այո՛, միջպետական, բայց անձնական մակարդակը նույնպես պակաս կարևոր չէ այս կոնտեքստում. ես շատ ուղիղ և ջերմ հարաբերություններ ունեմ Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինի հետ, և շատ ջերմ և ուղիղ հարաբերություններ ունեմ Ռուսաստանի Դաշնության կառավարության նախագահ Միխայիլ Միշուստինի հետ։ Սա մեր ռազմավարությունն է, մենք չենք գործելու Ռուսաստանի դեմ, բայց մենք միշտ գործելու ենք՝ հանուն Հայաստանի Հանրապետության շահի: Եվ մենք հարց ենք տալիս Ռուսաստանի մեր գործընկերներին՝ արդյո՞ք դուք քննադատություն ունեք այս տրամաբանությանը: Ասում ենք՝ մենք երբեք չենք գործելու Ռուսաստանի դեմ, բայց մենք միշտ գործելու ենք Հայաստանի Հանրապետության շահերին համապատասխան, և սա լինելու է մեր ռազմավարությունը: Այստեղ մենք հասկանում ենք, որ կարող են որոշակի հատումներ լինել, բայց մենք չենք կարող ասել՝ գիտեք ինչ, մենք գործում ենք ի հեճուկս Հայաստանի շահերի և հանուն ոչ միայն Ռուսաստանի, ցանկացած այլ երկրի շահի, դա անտրամաբանական կլինի, որևէ մի երկիր այսպես չի գործի: Այո՛, կարող են որոշակի նաև խնդիրներ և հատումներ առաջանալ, բայց ես ուզում եմ ձեզ բերել հենց նույն օգոստոսի 8-ի օրինակը, որովհետև օգոստոսի 8-ից հետո պարզ է, որ Ռուսաստանի Դաշնության մեր գործընկերների շրջանում կային որոշակի հարցեր, և ես այդ հարցերին հաճույքով պատասխանեցի: Հաճույքով այն առումով, որ մենք միշտ բաց ենք խոսակցության:

Ես ռուսաստանցի մեր գործընկերների ուշադրությունը հրավիրեցի մի պարզ փաստի վրա: Մենք 2025 թվականի օգոստոսի 8-ին Վաշինգտոնում ստորագրել ենք այն բովանդակությունը, որը մենք նախորդիվ՝ հինգ տարիների ընթացքում, հինգից մի քիչ, առաջարկել ենք Ռուսաստանի Դաշնությանը։ Իհարկե, այնտեղ Թրամփի ուղի չկար, բայց մենք հինգ բառ ենք ուզել ընդամենը, հինգ բառ։ Այդ բառերն են եղել՝ տարածքային ամբողջականություն, ինքնիշխանություն, իրավազորություն, փոխադարձություն, սահմանների անխախտելիություն։ Մենք ասել ենք՝ դրեք այս հինգ բառը թղթի մեջ, և ես ցանկացած պահի պատրաստ եմ այդ թուղթը ստորագրել: Եվ իմ ասածի մեջ ոչ մի չափազանցություն չկա: Եվ սա շատ կոնկրետ օրինակ է, որ մենք չենք գործել երբեք Ռուսաստանի դեմ և չենք գործելու: Բայց մենք, բնականաբար, կներեք՝ Հայաստանի դեմ չենք կարող գործել և մենք միշտ պետք է գործենք Հայաստանի շահերին համապատասխան: Եվ մենք Ռուսաստանի հետ չենք կռվելու, չենք կռվելու և պետք չի: Պարզ է, գիտեք, որ օրակարգերում միշտ էլ լինում են լարումներ, քննարկումներ: Մենք միշտ քննարկելու ենք, բայց մենք Ռուսաստանի հետ չենք կռվելու, մենք Ռուսաստանի հետ պրոբլեմներ չենք ստեղծելու, բայց մենք գնալու ենք մեր շահերի հետևից»,- ասել է նա։

Leave a Comment