Հայաստանն ու Ադրբեջանը շատ մոտեցել են խաղաղությանը։ Արդեն շոշափում ենք այն գիծը, որից հետո խաղաղությունն անշրջելի է, Հանրային հեռուստաընկերության եթերում հայտարարել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։
«Նախ՝ ես ուզում եմ մեկընդմիշտ արձանագրենք օկուպացված տարածքների հետ կապված խնդիրը. մենք ասել ենք և դրա վերաբերյալ արդեն ունենք իրավական բարձրագույն ուժ ունեցող փաստաթուղթ երկու երկրներում: Սահմանազատման գործընթացում այդ խնդիրները կլուծվեն, որովհետև նորից եմ ասում, սա շատ հստակ արձանագրում է, և մենք դա արել ենք դեռ շատ վաղուց, այդ հարցի շուրջ խաղաղության քայքայում չի լինելու, մենք հետևողականորեն գնալու ենք սահմանազատման ճանապարհով և 1991 թվականի Ալմա-Աթայի հռչակագրի հիման վրա ճշգրիտ արձանագրելու ենք Ադրբեջանի և Հայաստանի ինքնիշխան տարածքները։
Սահմանազատման և կապուղիների TRIPP-ի իրագործման հարցում կա լրացուցիչ մի նրբություն, որովհետև սահմանը երկար է և սահմանազատումը բնականոն ճանապարհով բավականին երկար կտևի: Իմիջիայլոց ասեմ, որ սահմանազատման հանձնաժողովները նաև հեռավար աշխատում են, որովհետև տարբեր փաստաթղթեր, արձանագրությունների նախագծեր են մշակում, այսինքն՝ ամենօրյա աշխատանք գնում է, իրականում սահմանազատումը շատ-շատ մանրամասն և բարդ գործընթաց է, և դա շարունակվում է և շարունակվելու է։
Կապուղիների, հաղորդակցությունների մասով մենք ունենք ըմբռնում, որ այս պարագայում մենք սահմանազատման գործընթացը մի փոքր այլ կերպ պետք է կազմակերպենք: Այն հատվածներում, որտեղ պետք է անցնի երկաթուղի, խողովակաշար, էլեկտրահաղորդման գիծ, այդ հատվածում, ենթադրենք, իրեն պետք է 500 մ լայնությամբ տարածք, մենք մեկ ու կես կիլոմետր առնվազն պետք է նախ սահմանազատում և սահմանագծում անենք, որպեսզի կողմերից որևէ մեկի մոտ կասկած չլինի, այդ միլիմետրի ճշտությամբ սահմանը ճշտենք, նոր իրականացնենք կապուղիների հետ կապված հարցերը:
Շատ կարևոր էր՝ Աբու Դաբիում նորից, և դա հաճելի պահերից մեկն է, շատ էական տնտեսական բովանդակություն է հայտնվել մեր խոսակցություններում: Մենք քննարկում էինք, թե տնտեսական ինչ նախագծեր կան, որոնք ունեն փոխադարձ հետաքրքրություն, ընդ որում՝ երկկողմ առևտրի մասին է խոսքը գնում: Շատ կարևոր մի արձանագրում, որ ես կարծում եմ, ամենահարմար ձևաչափն է, որովհետև ես մտածում էի, որ գործարարներին հրավիրենք և այլն՝ այս թեման արձանագրելու համար, բայց կարծում եմ սա ամենահարմար ձևաչափն է: Բոլորս գիտենք, որ Ադրբեջանով դեպի Հայաստան երկաթուղային կապ գործում է և անխոչընդոտ է գործում, բայց շատ կարևոր է արձանագրել, որ Հայաստանից դեպի արտաքին աշխարհ Ադրբեջանի տարածքով երկաթուղային կապը նույնպես բաց է։
Եվ ես տպավորություն ունեմ, որ մեր բիզնեսը դեռևս չի մարսել այս լուրը, որովհետև կարծում եմ, որ մեր տնտեսվարողներն արդեն պիտի մտածեն արտահանումներ անել:
Ավտոճանապարհով էլ քննարկվում է, այդ քննարկումները կան, կլինեն: Դուք գիտեք, որ մենք առաջարկել ենք նաև, որ Թուրքիայից Ադրբեջան և Ադրբեջանից դեպի Թուրքիա, բայց ես միտքս ավարտեմ: Հիմա Աբու Դաբիում ևս մեկ անգամ արձանագրվեց, որ Հայաստանից կարող են երկաթուղով Վրաստան, քանի դեռ այս երկաթուղին է գործում, Վրաստան-Ադրբեջան և շարունակություն դեպի Ռուսաստան, Կենտրոնական Ասիա, Չինաստան, իրականացվել արտահանումներ գնացքով: Եվ ես ուզում եմ, որ սա արձանագրվի: Այնտեղ խոսեցինք նաև, որ գուցե մեր բիզնեսի մոտ մի քիչ հոռետեսություն կա և այլն, և Ադրբեջանի ներկայացուցիչները հավաստիացրին, որ այդ ճանապարհը չի փակվելու և այդ ճանապարհը բաց է և վերահաստատեցին, որ հայկական բիզնեսը, տնտեսվարողներն արտահանման համար կարող են օգտագործել Ադրբեջանի երկաթուղին։
Սա, կարծում եմ, շատ էական և պատմական արձանագրում է, որովհետև 90-ականներից այս կողմ առաջին անգամ է նախորդ տարի, որ Ադրբեջանի տարածքով գնացք է մուտք գործում Հայաստանի Հանրապետություն, հիմա Վրաստանի տարածքով, իհարկե նաև հետագայում երկաթուղային նախագծերն իրագործելուց հետո նաև այդպես, նաև ավտոճանապարհները կբացվեն: Առաջիկայում, կարծում եմ, կլինեն այդպիսի զարգացումներ, հիմա մենք աշխատում ենք դետալների վրա»,- ասել է նա:
