Փետրվարի 10-ին Հայաստանում Ռուսաստանի դեսպանատանը տեղի է ունեցել հանդիսավոր ընդունելություն՝ նվիրված Դիվանագետների օրվան։ Միջոցառմանը մասնակցել են ՀՀ պետական մարմինների, հասարակական շրջանակների և Երևանում հավատարմագրված դիվանագիտական կորպուսի ներկայացուցիչներ։
ՀՀ-ում Ռուսաստանի դեսպան Սերգեյ Կոպիրկինն իր ողջույնի խոսքում հայտարարել է, որ աշխարհը ներկայում ապրում է նախկին աշխարհակարգի «տեկտոնական» փոփոխությունների փուլ, որն ուղեկցվում է անցումով դեպի բազմաբևեռ համակարգ։
«Ձևավորվում են քաղաքական, տնտեսական, տեխնոլոգիական և ֆինանսական ազդեցության նոր կենտրոններ։ Դեռ վաղ է խոսել ապագա համաշխարհային ճարտարապետության հստակ պարամետրերի մասին, սակայն ակնհայտ է, որ այն պետք է հիմնված լինի իրական հավասարության, կոնսենսուսի մշակույթի և շահերի փոխադարձ հաշվառման վրա»,- նշել է դեսպանը՝ հավելելով, որ հենց այս սկզբունքներով են առաջնորդվում ՇՀԿ-ն և ԲՐԻԿՍ-ը։
Կոպիրկինի խոսքով՝ Հարավային Կովկասը նույնպես զգում է աշխարհաքաղաքական անկայունության ազդեցությունը, և այդ պայմաններում հայ-ռուսական հարաբերությունները մտնում են փոփոխվող իրականություններին հարմարվելու նոր փուլ։
«Առկա մարտահրավերների հաղթահարումը պահանջում է երկարաժամկետ քաղաքական կամք և ռազմավարական իմաստություն՝ երկկողմ համագործակցության կուտակված ներուժը պահպանելու և զարգացնելու համար»,- ընդգծել է նա՝ հույս հայտնելով, որ ՀՀ ԱԺ նախագահի վերջին այցը Մոսկվա լրացուցիչ խթան կհաղորդի այս գործընթացին։
Դեսպանը նշել է, որ Ռուսաստանը լիովին հանձնառու է ինքնիշխան, ուժեղ և ինքնաբավ Հայաստանին՝ ընդգծելով, որ ինտեգրացիոն միավորումներին, մասնավորապես ԵԱՏՄ-ին, Հայաստանի լիարժեք մասնակցությունը նպաստել է երկրի տնտեսական աճին։ Նրա խոսքով՝ ԵԱՏՄ-ին անդամակցության 10 տարիների ընթացքում Հայաստանի ՀՆԱ-ն աճել է շուրջ 2.5 անգամ։
Ելույթի ավարտին Կոպիրկինը նշել է, որ հայ և ռուս ժողովուրդների միջև բարեկամությունը ձևավորվել է դարերի ընթացքում՝ համատեղ հաղթանակների, ստեղծագործ աշխատանքի և մարդկային սերտ կապերի շնորհիվ, և այդ ժառանգությունը պետք է պահպանվի ու փոխանցվի ապագա սերունդներին։
