ԱՄՆ փոխնախագահ Ջեյ Դի Վենսը Հայաստանում Փաշինյանի հետ համատեղ ասուլիսի ժամանակ իր աջակցությունը հայտնեց Նիկոլ Փաշինյանին ընտրություններում։
«Զարթոնք» օրաթերթի գլխավոր խմբագիր Սևակ Հակոբյանը նկատում է, որ նմանօրինակ հայտարարությունն ինքնին միջամտություն է ընտրական պրոցեսին։
«Արևմուտքի համար սովորություն է՝ այն, ինչ որ Արևմուտքն է անում, դա լավ է, ճիշտ է, իսկ եթե նույնն ուրիշ կողմն անի, շատ վատ է, և հակաժողովրդավարական է։ Արևմուտքը կարող է որևէ երկրի գերիշխանությունը բռնաբարել, հարձակում գործել, միջամտել, այդ բոլորը նորմալ է։ Այս զորակցությունը և բաց տեքստն ավելի պարզ է դարձնում, թե 2018-ին ինչ տեղի ունեցավ և ինչո՞ւ են այս մարդիկ իշխանության»,- 168TV-ի «Ռեվյու» հաղորդման ընթացքում ասաց նա՝ ընդգծելով, որ 2018-ին կիրառված տեխնոլոգիաներից ակնհայտ էր, որ հայկական ոչինչ այդտեղ չկա։
«Պարզ էր, որ ռուսական կամ արևելյան էլ չէ, և արևմտյան է։ Մենք արաբական գարուն էինք տեսել, և տեղի ունեցածն արաբական գարնան կամ գունավոր հեղափոխությունների կրկնօրինակն էր։ Պարզ էր՝ ինչպես է կազմակերպված, ուր է գնալու և ուր է հասցնելու։ Միակ ափսոսանքս այն է, որ չէի կարող այդ ժամանակ պատկերացնել, որ կհասնենք այս աստիճանի»,- շեշտեց նա։

Հայ Առաքելական եկեղեցու դեմ պայքարը նա ևս կապում է Արևմուտքի հետ՝ ընդգծելով, որ դա Արևմուտք-Արևելք պայքար է․ «Այս տրամաբանությամբ, Արևմտյան իշխանական կողմը, պարզ է, որ պետք է շրջանցեր Ամենայն Հայոց Կաթողիկոսին այցելելը կամ Մայր Աթոռ ներկայանալը»։
Հարցին՝ այսինքն՝ Արևմուտքի՞ց է Նիկոլ Փաշինյանի կանաչ լույսը՝ էլ ավելի սաստկացնել Եկեղեցու դեմ արշավը, նա պատասխանեց․
«Այլ կերպ չեմ կարող բացատրել այսքան հետևողական, ագրեսիվ, անզիջում արշավի մեջ։ Այս ժխտական հաստատակամությունը ցույց է տալիս, որ սա պարտականություն ստանձնած կողմի պահվածք է և ոչ միայն անձնական խնդիր կամ բարենորոգման ազնիվ նպատակ։ Ի տարբերություն արևմտյան եկեղեցիների՝ արևելյան եկեղեցիներն ազգային բնույթ ունեն, և եթե այդտեղի ժողովուրդները պետք է հարվածվեն, պետք է հարված հասցվի ազգային ոգուն։ Ազգային ոգին բարձր պահելու կարևորագույն հաստատությունն արևելյան ժողովուրդներում եկեղեցին է։ Հենց այդ եկեղեցիները չեզոքացվեն, դյուրին կլինի ծնկի բերել այդ ժողովրդին»։
Ըստ նրա՝ Վենսի աջակցությունը կանաչ լույս է իշխանությունների համար՝ ավելի սաստկացնել այն, ինչ անում են, կամ կատարել այն պարտականությունները, որոնք ստանձնել են․
«Այս իմաստով, ես էլ եմ մտահոգ, բայց ամեն ինչ կախված է մեր ժողովրդից։ Եթե ժողովուրդն ավելի սթափ լինի, ապա նմանօրինակ ծրագիր որտեղից էլ լինի, կձախողվի։ Այդպիսի օրինակները շատ են։ Շատ ժողովուրդներ նմանօրինակ միջամտությունների դիմադրել և հաղթել են»։
Մանրամասները՝ 168TV-ի տեսանյութում