Գարեգին Բ. Վարչապետի հակաեկեղեցական արշավն արդեն բացահայտ է` խչընդոտվում է եկեղեցու առաքելությունը

Գարեգին Բ. Վարչապետի հակաեկեղեցական արշավն արդեն բացահայտ է` խչընդոտվում է եկեղեցու առաքելությունը

10 փետրվարի 2026 – 18:25 AMT

PanARMENIAN.Net – Ամենայն Հայոց կաթողիկոս Գարեգին Երկրորդը Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում շնորհաբաշխության ավարտին, որի ժամանակ մի շարք եկեղեցականների շնորհվել է ավագ քահանայության պատիվ, ասել է, որ լրջագույն հիմնախնդիրների առջև է գտնվում մեր ժողովուրդը, «տարատեսակ բռնաճնշումների է ենթարկվում և հարձակումներ դիմագրավում եկեղեցին»։

«Վարչապետի ձեռնարկած հակաեկեղեցական արշավն արդեն բացահայտ է։ Խոչընդոտվում է եկեղեցու առաքելությունը և լրջագույն վնաս հասցվում մեր ժողովրդի հոգևոր-եկեղեցական կյանքին։ Դատական ատյաններում, ՀՀ Սահմանադրության և օրենքների բացահայտ խախտումներով, հակաօրինական ու անարդար քայլերով իշխանությունը պետական լծակների չարաշահմամբ միջամտում է ներեկեղեցական կյանքին։ Հոգևորականներ՝ սարկավագներից մինչև եպիսկոպոս, ենթարկվում են հետապնդումների ու պարտադրանքների», – ընդգծել է Ամենայն Հայոց կաթողիկոսը:

Նա նշել է, որ եկեղեցին բոլորի հոգևոր տունն է, որին ուղղված հարվածներին դիմակայելը, եկեղեցու ինքնավարությունը պաշտպանելը ամենքի հավաքական պարտականությունն է և պատասխանատվությունն Աստծո, հայրենիքի ու գալիք սերունդների առջև։

Դիմելով ներկա հոգևոր հայրերին՝ Նորին Սրբությունը պատգամել է․ «Որպես Աստծո ծառաներ և մեր ժողովրդի հոգևոր սպասավորներ՝ սրբազան մեր պարտքն է ամուր պահել մեր Սուրբ Եկեղեցին՝ իբրև «կենդանի Աստծու եկեղեցի, սյուն և հաստատություն ճշմարտության»՝ համաձայն առաքելական խոսքի (Ա Տիմ. 3.15)։ Միասնաբար դիմակայենք ազգային ու եկեղեցական անդաստանում երկպառակություն ու թշնամանք սերմանելու չարամիտ քայլերին՝ պաշտպանը լինելով արդարության ու ճշմարտության։

Ղևոնդյանց ու Վարդանանց ոգին ու ազգանվիրումը դարձնենք աշխարհասփյուռ հայության առաջնորդող ուժ՝ հավատքի ամրությամբ, եղբայրսիրությամբ և ազգային միասնությամբ ճանապարհ հարթելով դեպի հոգևոր զարթոնք ու համերաշխ ոգով մեր ժողովրդի բարօր ապագայի կերտում»։

Գերագույն հոգևոր խորհրդի 6 հոգևորական անդամների նկատմամբ քրեական վարույթ է նախաձեռնվել և քրեական հետապնդում է հարուցվել դատական ակտի կատարումը խոչընդոտելու մեղադրանքով։ Քրեական հետապնդման շրջանակում արգելափակվել է ԳՀԽ եպիսկոպոս անդամների ելքը երկրից։ Մայր աթոռը խստորեն դատապարտում է ՀՀ Սահմանադրության և օրենքների բացահայտ խախտումներով իշխանությունների հերթական միջամտությունը եկեղեցու ներքին գործերին։

Ամենայն Հայոց կաթողիկոս Գարեգին Բ-ի հրավերով Եպիսկոպոսաց ժողովը նախատեսված է անցկացնել Ավստրիայի Սանկտ Փյոլթըն քաղաքում՝ փետրվարի 16-19-ին։

Leave a Comment