Ի դեպ, երկօրյա այցով Հայաստանում էր ԱՄՆ փոխնախագահ Ջեյ Դի Վենսը։
Փաշինյանն ու Վենսը ստորագրել են «Միջուկային էներգիայի խաղաղ նպատակներով օգտագործման ոլորտում Հայաստանի Հանրապետության Կառավարության և Ամերիկայի Միացյալ Նահանգների կառավարության միջև համագործակցության մասին» համաձայնագրի բանակցությունների ավարտի վերաբերյալ համատեղ հայտարարությունը։ Այնուհետև երկուստեք հանդես են եկել հանդիպման արդյունքներն ամփոփող հայտարարություններով։
Հենց հայտարարությունների պահից էլ սկսվեցին այսպես ասած տարաձայնությունները։ Թարգմանիչը սխալ էր թարգմանել ԱՄՆ փոխնախագահի խոսքը՝ ասելով, իբր ԱՄՆ-ն 9 մլրդ դոլարի ներդրում է ունենալու Հայաստանում։ Իսկ իրականում պարզվեց՝ ո՛չ թե ներդրում է լինելու, այլ Հայաստանը պարտավորվել է 5 մլրդ դոլարի ամերիկյան սարքավորումներ գնել մոդուլային ատոմակայան կառուցելու համար, այնուհետև 4 միլիարդ դոլար՝ դրանց սպասարկման համար։
Կառավարությունից փորձեցին արդարանալ՝ պնդելով, թե Վենսի խոսքը սխալ թարգմանել է ամերիկյան կողմը, բայց արդյո՞ք դա էր կարևորը, թե, օրինակ, այն, որ Հայաստանը 9 մլրդ դոլարի գնում է անելու ԱՄՆ-ից, որն անգամ պատրաստի փորձ չունի մոդուլային ատոմակայանի ոլորտում։ Արդյոք Հայաստանը գիտակցված ընտրո՞ւմ է իր էներգետիկ ապագան, թե՞ հերթական անգամ կանգնած է արտաքին քաղաքական պարտավորությունների առաջ։
Եվ վերջապես․ ի՞նչ է ստանում այս գործարքներից Հայաստանը և, հետաքրքիր է, ի՞նչ կստանար, եթե ունենար հայկական շահերով առաջնորդվող իշխանություն։