«Դատապարտյալների հիվանդանոց» ՔԿՀ-ի գործառույթն իրականացնում է նորաբաց բուժստորաբաժանումը

«Դատապարտյալների հիվանդանոց» ՔԿՀ-ի գործառույթն իրականացնում է նորաբաց բուժստորաբաժանումը

10 փետրվարի 2026 – 17:08 AMT

PanARMENIAN.Net – 2025 թվականի հոկտեմբերին ՀՀ կառավարությունը որոշում է ընդունել դադարեցնել արդարադատության նախարարության «Դատապարտյալների հիվանդանոց» քրեակատարողական հիմնարկի գործունեությունը։ Այս գործառույթն այսուհետ իրականացվում է «Արմավիր» ՔԿՀ-ի ներքո գործող նորաբաց բժշկական ստորաբաժանման միջոցով։ Ազգային ժողովում այդ մասին տեղեկացրել է արդարադատության նախարարի տեղակալ Գևորգ Քոչարյանը՝ նշելով, որ այս փոփոխության հետ կապված անհրաժեշտ է կատարել օրենսդրական հստակեցումներ։

««Դատապարտյալների հիվանդանոց» ՔԿՀ-ի փակմամբ պայմանավորված՝ նախագծով առաջարկվում է կատարել համապատասխան փոփոխություններ քրեակատարողական օրենսգրքով, և առաջարկվում է հիվանդանոցային պայմաններում բժշկական օգնության ու սպասարկման կարիք ունեցող դատապարտյալներին տեղափոխել այն ՔԿՀ, որտեղ տեղակայված է բժշկական օգնության և սպասարկման՝ համապատասխան լիցենզիա ունեցող բժշկական ստորաբաժանումը»,-ասել է նա, հայտնում է 1lurer.am-ը:

Նրա խոսքով՝ փոփոխության տրամաբանությունը պայմանավորված է նրանով, որ արդյունավետ և ժամանակին բուժօգնություն ցուցաբերելու համար առավել նպատակահարմար է, երբ համապատասխան բժշկական ստորաբաժանումը տեղակայված է հենց քրեակատարողական հիմնարկի տարածքում, ինչը նվազեցնում է լոգիստիկ դժվարությունները։

«Նշված փոփոխության տրամաբանությունն այն է, որ առավել նպատակահարմար ենք համարել, որ այդ բժշկական օգնությունն առավել օպերատիվ և արդյունավետ իրականացնելու համար հաստատությունը լինի քրեակատարողական հիմնարկին շատ ավելի մոտ, տվյալ դեպքում՝ ՔԿՀ-ի տարածքում, որպեսզի լոգիստիկ տեղափոխության անհրաժեշտություններն էլ հնարավորինս նվազագույնի հասցվեն»,-ասել է նա:

Քոչարյանը հայտնել է նաև, որ ապագայում այլ քրեակատարողական հիմնարկներում ևս հնարավոր է ստեղծվեն երկարատև բուժման համար անհրաժեշտ հնարավորություններ, սակայն ներկայում այդ պայմանները ապահովված են միայն «Արմավիր» ՔԿՀ-ում։

Նրա ներկայացմամբ՝ «Արմավիր» ՔԿՀ-ում առկա է նորագույն բժշկական տեխնիկա և սարքավորումներ, համապատասխան միջավայր՝ ժամանակակից բուժհաստատություններին բնորոշ։ Արդեն կան դատապարտյալներ, որոնք «Դատապարտյալների հիվանդանոցից» տեղափոխվել են այնտեղ։

Leave a Comment