Միջազգային օլիմպիական կոմիտեն արգելել է ուկրաինացի սկելետոնիստ Վլադիսլավ Հերասկևիչին մասնակցել մրցումներին այն սաղավարտով, որի վրա պատկերված են ռուս-ուկրաինական պատերազմի ընթացքում զոհված մարզիկների լուսանկարները։
Ուկրաինայի ազգային օլիմպիական կոմիտեն հայտարարել է, որ սաղավարտը չի պարունակում գովազդ, քաղաքական կարգախոսներ կամ խտրական տարրեր և պաշտոնական մարզումների ընթացքում ճանաչվել է սահմանված նորմերին համապատասխան։
ՄՕԿ-ի պաշտոնական ներկայացուցիչ Մարկ Ադամսը մամուլի ասուլիսի ժամանակ նշել է, որ «այդ սաղավարտը հակասում է կանոններին»։
«ՄՕԿ-ը լիովին հասկանում է մարզիկների ցանկությունը՝ հարգանքի տուրք մատուցելու իրենց ընկերներին, որոնք զոհվել են այս հակամարտության ընթացքում», — ասել է Ադամսը։ — «Նա դա արել է մարզումների ժամանակ և իր զգացմունքներն արտահայտել սոցիալական ցանցերում»։
Միաժամանակ ՄՕԿ-ի ներկայացուցիչը տեղեկացրել է, որ կոմիտեն համաձայնել է բացառություն կիրառել կանոններից և թույլատրել Հերասկևիչին կրել սև ժապավեն՝ որպես զոհվածների հիշատակի նշան։ «Կարծում ենք՝ սա լավ փոխզիջում է», — նշել է Ադամսը։
Օլիմպիական խարտիայում նշվում է, որ «օլիմպիական օբյեկտներում և մրցումների անցկացման այլ վայրերում արգելվում է ցանկացած քաղաքական, կրոնական կամ ռասայական քարոզչություն»։
