10 փետրվարի 2026 – 17:42 AMT
PanARMENIAN.Net – Վարչապետ Նիկոլ Փաշինյանն ու NVIDIA ընկերության փոխնախագահ Ռև Լեբարեդյանը քննարկել են Firebird ընկերության կողմից Հայաստանում արհեստական բանականության գործարան և տվյալների կենտրոն կառուցելու նախագծի ընթացքին վերաբերող հարցեր։
Ռև Լեբարեդյանը տեղեկացրել է, որ տվյալ կենտրոնի շինարարական աշխատանքները շարունակվում են։ Այս համատեքստում, կողմերը կարևորել են NVIDIA-ի արտադրած գերհզոր չիպերի նոր խմբաքանակի արտահանման թույլտվությունների տրամադրումը։
Նիկոլ Փաշինյանն ու Ռև Լեբարեդյանը նաև անդրադարձել են Հայաստանում տեխնոլոգիական ոլորտի հետագա զարգացման հեռանկարներին, ինչպես նաև արհեստական բանականության ներառմանը պետական կառավարման համակարգում՝ արդյունավետության բարձրացման նպատակով։ Վարչապետը նշել է, որ այս ուղղությամբ պետական և մասնավոր հատվածների համագործակցությունը շատ կարևոր է։
Լեբարեդյանը հանդիպման ընթացքում ներկայացրել է նաև տեխնոլոգիական ոլորտում կրթական ծրագրի մեկնարկի նախագիծը։ Վարչապետ Փաշինյանը ողջունել է նախաձեռնությունը և վստահեցրել՝ կառավարությունը պատրաստ է աջակցել դրա իրականացմանը։