Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը հանդես է եկել հայտարարությամբ՝ Եվրամիությանը կոչ անելով դուրս գալ թմբիրից և պատրաստվել գլոբալ մարտահրավերների։ Ըստ նախագահի՝ «Գրենլանդիայի պահը» պետք է դիտարկել որպես վերջին ահազանգ՝ իրականացնելու վաղուց հետաձգված բարեփոխումները, որոնք կամրապնդեն դաշինքի աշխարհաքաղաքական կշիռը։
Մակրոնը, մասնավորապես, նախազգուշացրել է, որ Վաշինգտոնի հետ լարվածության ներկայիս դադարը չպետք է շփոթել տևական կայունության հետ։ Նա շեշտել է, որ Թրամփի վարչակազմը բացահայտ «հակաեվրոպական» դիրքորոշում ունի և ձգտում է ԵՄ-ի «մասնատմանը»։ Ֆրանսիայի առաջնորդի կանխատեսմամբ՝ ԱՄՆ-ն առաջիկա ամիսներին նոր գրոհներ կձեռնարկի Եվրոպայի դեմ, հատկապես՝ թվային տեխնոլոգիաների կարգավորման հարցում, ինչը կարող է հանգեցնել ամերիկյան նոր ներմուծման մաքսատուրքերի սահմանմանը։
Անդրադառնալով տնտեսական մրցակցությանը՝ Մակրոնը նշել է, որ Եվրոպան գտնվում է «չինական առևտրային ցունամիի» և «ամերիկյան ամենօրյա անկայունության» արանքում։ Որպես հակակշիռ նա վերահաստատել է ԵՄ ընդհանուր պարտքի գործիքի անհրաժեշտությունը, որը թույլ կտա խոշոր ներդրումներ կատարել և մրցակցել ԱՄՆ դոլարի հեգեմոնիայի հետ։ Ըստ նախագահի՝ եվրոպական արժեթղթերը կարող են այլընտրանք դառնալ համաշխարհային շուկաների համար, քանի որ Միացյալ Նահանգները «հեռանում է իրավունքի գերակայությունից»։
Եզրափակելով իր խոսքը՝ Մակրոնը պաշտպանել է «Made in Europe» ռազմավարությունը, նշելով, որ Եվրոպային անհրաժեշտ է ոչ թե դասական պրոտեկցիոնիզմ, այլ «եվրոպական նախապատվություն»՝ սեփական արդյունաբերությունն ու շահերը գլոբալ հարթակում պաշտպանելու համար։
