10 փետրվարի 2026 – 16:45 AMT
PanARMENIAN.Net – ՀՅԴ ԳՄ ներկայացուցիչ, ԱԺ պատգամավոր Իշխան Սաղաթելյանը, անդրադառնալով առաջիկա ընտրություններին մասնակցելու ձևաչափին, ասել է, որ «Հայաստան» դաշինքի հիմքի վրա տարբեր ուժերի, անհատների հետ քննարկումներ են անցկացվում, իսկ իսկ հետընտրական շրջանի համագործակցությունը՝ կյանքը և ժամանակը ցույց կտա:
Թե ինչու են որոշել նախընտրական դաշինք կազմել, ոչ թե առանձին մասնակցել, Սաղաթելյանը պարզաբանել է՝ իրենք շեմը հաղթահարելու խնդիր չունեն, հայտնում է Radar Armenia-ն:
«Բայց մենք ունենք ոչ թե խորհրդարան անցնելու, 4-5 կամ նույնիսկ 10 պատգամավոր ունենալու խնդիր, այլ խնդիր ունենք՝ ընդդիմադիր դաշտում ստեղծել խոշոր բլոկներ, որոնք իրենց ուժերը կմեկտեղեն, որ ավելի լավ արդյունք գրանցեն»,-ասել է նա:
Հարցին՝ արդյոք պատրաստ են հետընտրական շրջանում համագործակցել «Մեր ձևով» շարժման հետ, եթե այդ շարժումը նախընտրական միավորումը բացառել է, Սաղաթելյանը նշել է, որ դա շատ նորմալ է:
«Շատ նորմալ է, երբ տարբեր ընդդիմադիր միավորներ փորձում են իրենց ծրագրերով առանձին մասնակցել, բայց նախընտրական շրջանում կան կարևորագույն հարցեր, սկսած ընտրությունների օրինականությունը հսկելուց, վերջացրած քաղբանտարկյալների պաշտպանությունից, հարցեր, որոնց շուրջ պետք է համագործակցել: Իսկ հետընտրական շրջանի համագործակցությունը՝ կյանքը և ժամանակը ցույց կտա։ Կհասկանանք՝ ով ինչ ներգրավվածություն ունի, ինչ ծավալով, և կտեսնենք։
Եթե մեր համագործակցությունից է կախված այս իշխանության հեռացումը, մենք պատրաստ ենք ընդդիմադիր ուժերի հետ համագործակցել, և նույն ակնկալիքն ունենք մյուսներից»,-ասել է նա:
ՀՀ-ում խորհրդարանական ընտրություններն անցկացվելու են 2026-ի հունիսի 7-ին: