Միրզոյանն ու Հելբերգը քննարկել են ՀՀ-ԱՄՆ տնտեսական գործընկերության խորացման ուղիները

Միրզոյանն ու Հելբերգը քննարկել են ՀՀ-ԱՄՆ տնտեսական գործընկերության խորացման ուղիները

10 փետրվարի 2026 – 16:16 AMT

PanARMENIAN.Net – Արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանն ու ԱՄՆ պետքարտուղարի տնտեսական հարցերով տեղակալ Ջեյքոբ Հելբերգը Երևանում տեղի ունեցած հանդիպմանը պատրաստակամություն են հայտնել շարունակել ակտիվ աշխատանքները բարձր տեխնոլոգիաների ոլորտում ՀՀ-ԱՄՆ համագործակցության և ընդհանուր առմամբ տնտեսական համագործակցության ընդլայնման ճանապարհին ներդրումների խթանման ուղղությամբ՝ հաշվի առնելով այս ոլորտներում Հայաստանում ձևավորված փորձն ու արագ տեմպերով զարգացող միջավայրը:

Հանդիպմանը մասնակցել է նաև «Էնթերփրայզ Արմենիա»-ի գործադիր տնօրեն Գոհար Աբաջյանը, հայտնում է ԱԳՆ-ն:

Կողմերը քննարկել են Հայաստանի և Ամերիկայի Միացյալ Նահանգների ռազմավարական գործընկերության շարունակական ամրապնդմանն ուղղված ընթացիկ աշխատանքները և հնարավոր նոր ծրագրերը։

Երկու կողմն էլ գոհունակությամբ ընդգծել են, որ օգոստոսի 8-ին Վաշինգտոնում ստորագրված արհեստական բանականության ու կիսահաղորդիչների ոլորտներում համագործակցության մասին հուշագրերը լավ հիմք են ստեղծել՝ այդ ոլորտներում գործակցությունն ընդլայնելու համար։ Ընդ որում, արդեն արձանագրվել են համագործակցության կոնկրետ արդյունքներ։

Արարատ Միրզոյանն ու Ջեյքոբ Հելբերգը քննարկել են նաև փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող այլ ոլորտներ, այդ թվում՝ էներգետիկայի, կարևոր բնական պաշարների ու հազվագյուտ հանքանյութերի արդյունահանման և մատակարարման շղթաների կայացման, ինչպես նաև ենթակառուցվածքների զարգացման հնարավոր ուղղությունները։

Leave a Comment