Պատմության թանգարանի նմուշները կցուցադրվեն Ակրոպոլիսի թանգարանում

Պատմության թանգարանի նմուշները կցուցադրվեն Ակրոպոլիսի թանգարանում

10 փետրվարի 2026 – 15:34 AMT

PanARMENIAN.Net – Պատմության թանգարանի նմուշները կցուցադրվեն Ակրոպոլիսի թանգարանում: Այդ մասին Ազգային ժողովում հայտարարել է Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանը՝ ներկայացնելով ՀՀ և Հունաստանի միջև մշակութային արժեքների ապօրինի շրջանառությունը կանխարգելող համաձայնագրի վավերացման մասին օրենքի նախագիծը։

«Բառացիորեն մի քանի օր հետո Ակրոպոլիսի թանգարանի հետ հուշագիր կստորագրի մեր Պատմության թանգարանը, և այս տարի արդեն մեր Պատմության թանգարանի նմուշները կցուցադրվեն Ակրոպոլիսի թանգարանում»,- ասել է նա, հայտնում է 1lurer.am-ը:

Անդրադառնալով նախագծին՝ նախարարը նշել է, որ համաձայնագրի շրջանակում կձևավորվի համագործակցություն այն ոլորտներում, որոնք վերաբերում են մշակութային արժեքների հափշտակմանը, անօրինական պեղումներին, ներմուծմանը, արտահանմանը, տարանցմանն ու սեփականության իրավունքի փոխանցման կանխմանը։

«Հնարավորություն կունենանք Հունաստանի հետ տեղեկություններ փոխանցել հետաքրքրություն ներկայացնող մշակութային արժեքների հափշտակման, անօրինակ պեղումների և ապօրինի ներմուծման, արտահանման, տարանցման ուղղություններով, ինչպես նաև կկարողանանք իրականացնել մասնագետների փոխանակման ու վերապատրաստման ծրագրեր»,– նշել է նախարարը։

Նրա խոսքով՝ սա կնպաստի նաև միմյանց տարածքից ապօրինաբար դուրս բերված մշակութային արժեքների հայտնաբերմանն ու վերադարձին։

Leave a Comment