Վարորդական վկայականից զրկվելու համար թմրաբանական և հոգեբուժական եզրակացությունների հիմքում փոփոխություններ կլինեն. ԱԺ-ում օրենքի նախագիծը ներկայացնելիս՝ հայտարարեց Ներքին գործերի նախարարի տեղակալ Արմեն Ղազարյանը։
Նա նշեց, որ ներկայումս պրակտիկան այնպիսին է, որ յուրաքանչյուր վարչական գործողություն իրականացնելու ժամանակ ՆԳՆ համապատասխան ստորաբաժանումը հարցում է կատարում թմրաբանական և հոգեբուժական հաստատություններին՝ տվյալ անձի սահմանափակումների վերաբերյալ եզրակացություն ստանալու համար։
«Հիմա, քանի որ գործում է «Արմեդ» էլեկտրոնային համակարգը, առաջարկվող փոփոխությամբ նախատեսում ենք կազմակերպել այնպիսի տրամաբանություն, որ եթե անձը հաշվառված լինի նմանատիպ հաստատություններում, այդ տեղեկատվությունը հայտնվի «Արմեդ» համակարգում, և ՆԳՆ էլեկտրոնային ռեգիստրում ինքնաշխատ կերպով տրամադրվի այդ տեղեկատվությունը, ինչի արդյունքում մարդու վարելու իրավունքը կդադարեցվի»,– ասաց նա։
Փոխնախարարի խոսքով՝ 2021–2025 թվականների ընթացքում թմրաբանական և հոգեբուժական եզրակացությունների հիմքով դադարեցվել է 2370 անձի վարելու իրավունքը։