Ոչ թե ԱՄՆ-ն 9 մլրդ ներդրում կանի, այլ ՀՀ-ն պետպարտքի հաշվին ատոմակայանի համար գնումներ կանի. Կարապետյանը՝ Վենսի հայտարարությունը սխալ թարգմանելու մասին

«Մեր ձևով» շարժման համակարգող Նարեկ Կարապետյանը հայտարարել է, որ ԱՄՆ փոխնախագահ Ջեյ Դի Վենսի հայտարարությունը ատոմային ոլորտում համագործակցության մասին սխալ է թարգմանվել ուղիղ հեռարձակման ժամանակ, ինչի պատճառով այն ներկայացվել է որպես ներդրումային ծրագիր` Հայաստանի համար:

Կարապետյանը ցուցադրել է հայտարարության այդ հատվածի բնօրինակը և ասել, որ խոսքը ոչ թե Հայաստանի տնտեսության մեջ ներդրումների, այլ ԱՄՆ-ի կողմից սարքավորումների հնարավոր մատակարարման և երկարաժամկետ աջակցության մասին էր: Նա մանրամասնել է, որ Վենսի հայտարարությունը վերաբերում էր մինչև 5 մլրդ դոլար արժողությամբ ամերիկյան տեխնոլոգիաների արտահանմանը, ինչպես նաև լրացուցիչ 4 մլրդ դոլար՝ վառելիքի և տեխնիկական սպասարկման երկարաժամկետ պայմանագրերի տեսքով:

Ընդ որում, նրա գնահատմամբ, թարգմանության մեջ այդ ձևակերպումները ներկայացվել են որպես փոխշահավետ ներդրումներ Հայաստանում, մինչդեռ այն գնման գործընթաց է ԱՄՆ-ից՝ ՀՀ պետական պարտքի հաշվին։ 

«Երբ համեմատում ենք բնօրինակը և թարգմանչի ասածը, հասկանում ենք, թե ինչ մեծ սուտ են ցանկանում մեզ վաճառել։ Ցույց են տալիս, թե, իբր, ԱՄՆ-ից 9 մլրդ դոլարի գնումը ներդրում է Հայաստանի տնտեսության մեջ։ Հատուկ սխալ է թարգմանվել, ներկայացվել է որպես ներդրում, որ չհասկանանք, որ խոսքն իրականում պետական պարտքով ատոմային մոդուլյար կայանի մասին է, որի համար ներդրում է անելու ոչ թե ԱՄՆ-ի գործարարը, այլ մենք բոլորս՝ ՀՀ քաղաքացիներս»,- նշել է Կարապետյանը։

Կարապետյանի դիտարկմամբ՝ գնման այս նախատեսվող գործընթացը նաև ատոմային էներգետիկ սակագնի կրկնապատկում է նշանակում։ Նա այդ համատեքստում նշել է, որ Հայաստանի համար մինչ այս առկա էին այլընտրանքային առաջարկներ, որոնք, իր խոսքով, չեն ստացել իշխանությունների ուշադրությունը։

Մասնավորապես, նա հիշեցրել է Չինաստանի կողմից ներկայացված առաջարկը ատոմային էներգետիկայի ոլորտում։ Կարապետյանի խոսքով՝ չինական կողմը Հայաստանին առաջարկել է երկու անգամ ավելի էժան ատոմային կայան, որը միաժամանակ ունեցել է երկու անգամ ավելի մեծ հզորություն, քան ներկայումս քննարկվող մոդուլային տարբերակը։ Նա ընդգծել է, որ այդ բանակցություններին մասնակցել է անձամբ՝ հայկական ընկերությունների կողմից։

«Այդ տարբերակը իրական արտադրական փորձ ունեցող տեխնոլոգիա էր, ոչ թե փորձարկվող մոդել։ Սակայն այն մերժվեց՝ առանց հանրային բացատրության»,- նշել է Կարապետյանը՝ հավելելով, որ ներկայիս ընտրությունը, իր գնահատմամբ, պայմանավորված չէ տնտեսական հաշվարկով, այլ քաղաքական նպատակահարմարությամբ։

Նրա գնահատմամբ՝ այսպիսի հայտարարությունները ձևավորում են հուսահատության և անորոշության մթնոլորտ հասարակության մեջ։ Կարապետյանը շեշտել է, որ փետրվարի 9-ին՝ Վենսի հետ համատեղ հայտարարության ժամանակ, «Փաշինյանը հայ ժողովրդի շահը վաճառքի հանեց Amazon-ում»։

«ԱՄՆ փոխնախագահն իր հայտարարություններում ներկայացնում էր իր երկրի շահը։ Իսկ մեր երկրի թույլ առաջնորդը նրա հետ մի նկարի և հանրությանը խաբելու համար զոհեց Հայաստանի ևս մեկ շահ՝ ցույց տալու, թե, իբր, ԱՄՆ-ի հետ հեղափոխական փոփոխություններ են լինելու: Այսպես հուսավաճառությամբ ամեն անգամ նա ընտրություններից առաջ խաբում է մեզ: Սա էլ նոր հույսավաճառություն է»,- հավելել է նա։ 

Եզրափակելով՝ նա շեշտել է, որ երկիրը պետք է կառավարվի այնպիսի մարդկանցով, ովքեր պետական շահը չեն համարի իրենց ներքին քաղաքական շահը։ 

Վարչապետի աշխատակազմը փետրվարի 10-ին ավելի վաղ մեկնաբանել էր Վենսի ելույթի թարգմանության որակի վերաբերյալ քննարկումները՝ հայտարարելով, որ Փաշինյանի և Վենսի համատեղ հայտարարությանը ԱՄՆ փոխնախագահի ելույթի թարգմանությունը կատարել է ամերիկյան կողմի թարգմանիչը:

Վենսի ինքնաթիռը վայրէջք էր կատարել Երևանի «Զվարթնոց» օդանավակայանում փետրվարի 9-ի կեսօրին։ ԱՄՆ փոխնախագահին դիմավորել էին ՀՀ Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանը և Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը։

Վենսի և ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հանդիպման ժամանակ ստորագրվել էր երկու երկրների միջև միջուկային էներգիայի խաղաղ օգտագործման ոլորտում համագործակցության մասին հայտարարություն։

Leave a Comment