Երևանի կայուն էներգետիկ զարգացման և կլիմայի գործողությունների ծրագիրը հաստատելու մասին ավագանու որոշման նախագծի վերաբերյալ ելույթում «Ազգային առաջընթաց» խմբակցության անդամ Պեդրո Զարոկյանը մատնանշեց մի հակասություն, որն առկա է փաստաթղթի և քաղաքապետ Տիգրան Ավինյանի նախկին հայտարարությունների միջև։ Զարոկյանը նկատեց, որ եթե զեկույցում Երևանի աշխարհագրական դիրքը բնութագրվում է որպես «բարենպաստ», ապա քաղաքապետը շաբաթներ առաջ օդի վատ որակը պայմանավորել էր հենց քաղաքի «վատ» դիրքով։
«Այս զեկույցում գրված է, որ Երևանն ունի բարենպաստ միկրոաշխարհագրական դիրք, ծովի մակերևույթից մոտ 800-ից 1400 մետր բարձր է, որը շատ լավ աշխարհագրական դիրք է։ Իսկ պարոն Ավինյան, մի քանի շաբաթ առաջ դուք ասացիք՝ Երևանի վատ օդի պատճառը Երևանի վատ աշխարհագրական դիրքն է»,- նշեց Զարոկյանը։
Ընդդիմադիր անդամը նաև քննադատեց քաղաքային խնդիրները տեխնոլոգիական լուծումներով «քողարկելու» փորձերը։ Նա հիշեցրեց, որ օդի աղտոտվածության դեմ պայքարում քաղաքապետն առաջարկել էր արհեստական բանականությամբ կանխատեսումներ անել, իսկ խցանումների համար՝ ԱԲ-ով աշխատող լուսացույցներ ներդնել։
Ելույթի վերջում Պեդրո Զարոկյանը հանդես եկավ սարկաստիկ առաջարկով. «Պարոն Ավինյան, Երևանի այս ամբողջ խնդիրները լուծելու համար չե՞ք կարծում, որ ավելի հեշտ կլինի միանգամից Ձեզ փոխարինել արհեստական բանականությամբ»։
Քաղաքապետ Տիգրան Ավինյանը չուշացրեց պատասխանը։
«Ձեզ որ արհեստական բանականությամբ փոխարինենք, միանշանակ ավելի մեծ արդյունքներ կունենանք, սիրելի եղբայր, պարոն Զարուկյան»,- հակադարձեց քաղաքապետը։