Համաձայնագիրը մշակութային ոլորտում հետևողական համագործակցության խորացման վկայությունն է. Ժաննա Անդրեասյան

Մշակութային արժեքների պահպանման, դրանց հայտնաբերման եւ Հայաստան վերադարձնելու ուղղությամբ Հայաստանի Կառավարությունը ձեռնարկում է հետեւողական ջանքեր: Այս մասին փետրվարի 10-ի ԱԺ հերթական նիստում ասել է ՀՀ կրթության, գիտության, մշակույթի եւ սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանը:

Քննարկվել է ««Հայաստանի Հանրապետության կառավարության եւ Հունաստանի Հանրապետության կառավարության միջեւ մշակութային արժեքների հափշտակումը, անօրինական պեղումները եւ ապօրինի ներմուծումը, արտահանումը եւ դրանց նկատմամբ սեփականության իրավունքի փոխանցումը կանխելու եւ դրանք իրենց ծագման երկիր ռեստիտուցիայի մասին» համաձայնագիրը վավերացնելու մասին» օրենքի նախագիծը:

Հիմնական զեկուցողի խոսքով միջազգային համաձայնագրերը հնարավորություն են ընձեռում համագործակցային միջավայրում մշակութային արժեքների հափշտակման, անօրինական պեղումների, ապօրինի ներմուծման եւ արտահանման ուղղությամբ գործողությունները կանխել: Համաձայնագիրը հիմնված է ՅՈՒՆԵՍԿՕ-ի 1970 թվականի կոնվենցիայի վրա:

Համաձայնագրի շրջանակում տեղեկություններ կփոխանակվեն հետաքրքրություն ներկայացնող մշակութային արժեքների հափշտակման, անօրինական պեղումների եւ ապօրինի ներմուծման, արտահանման, տարանցման կամ դրանց նկատմամբ սեփականության իրավունքի փոխանցման, ինչպես նաեւ առգրավման, աճուրդների եւ վաճառքի իրականացման դեպքերի ու միջադեպերի վերաբերյալ:

Կիրականացվեն մասնագետների փոխանակման ու վերապատրաստման ծրագրեր՝ ապօրինի տեղաշարժի կանխման, մշակութային արժեքների իրենց ծագման երկրներ ռեստիտուցիայի եւ վերադարձնելու ոլորտում:

Նշվել է, որ համաձայնագիրը հնարավորություն կընձեռի աջակցել միմյանց տարածքից ապօրինաբար հեռացված մշակութային արժեքների հայտնաբերման եւ վերադարձի հարցում:

Ժաննա Անդրեասյանը նշել է, որ Հունաստանի հետ Հայաստանի հարաբերություններն ու համագործակցությունը մշակույթի ոլորտում վերջին տարիներին էապես խորացել է: Համաձայնագիրը, ըստ նախարարի, մշակութային ոլորտում հետեւողական համագործակցության խորացման վկայությունն է:

Գիտության, կրթության, մշակույթի, սփյուռքի, երիտասարդության եւ սպորտի հարցերի մշտական հանձնաժողովի անդամ Նարեկ Բաբայանը ներկայացրել է գլխադասային հանձնաժողովի դրական եզրակացությունը նախագծի վերաբերյալ:

Leave a Comment