
Երևանի ճանապարհների աղետալի վիճակի համար քաղաքային իշխանությունները մեղավոր են համարում բոլորին՝ քաղաքացիներին, եղանակային պայմանները, ձյունն ու անձրևը, բայց ոչ երբեք իրենց։ Մինչդեռ հենց քաղաքապետարանի լիազորությունների մեջ է մտնում ասֆալտապատման և փոսալցման աշխատանքների վերահսկողությունը՝ սահմանված չափորոշիչներին համապատասխան․ նշում է «Մայր Հայաստան» դաշինքի անդամ Սոնա Աղեկյանը։
Որպես օրինակ՝ Աղեկյանը մատնանշում է Տիգրան Մեծի պողոտայում իրականացված աշխատանքները, ինչը կատարվել է անորակ ու տգեղ կարկատաններով, որոնք ոչ միայն չեն լուծում խնդիրը, այլև ավելի են վատթարացնում իրավիճակը։
«Այս տարվա ավազն ու աղը սև ցեխի է վերածվում։ Ավելի լավ է սառույցի վրայով քայլես, քան այդ կեղտի միջով»,–ասում է «Մայր Հայաստան» դաշինքի անդամը՝ հավելելով, որ այդ ցեխը փոշու է վերածվում, վնասում մեքենաները և մարդկանց կոշիկների հետ տեղափոխվում շենքեր ու հիմնարկներ։
Սոնա Աղեկյանի համոզմամբ՝ քաղաքապետարանը գործում է կարճաժամկետ մտածելակերպով՝ առանց հաշվի առնելու հետևանքները։ Աղեկյանի խոսքով՝ տպավորություն է ստեղծվում, որ առաջնահերթությունը ոչ թե որակյալ աշխատանքն է, այլ գումարների յուրացումը տարբեր ծրագրերի և պայմանագրերի միջոցով։ Քննադատների պնդմամբ, խնդիրը ոչ միայն շինարարական աշխատանքների որակն է, այլև դրանց իրականացման ընթացքում վերահսկողության գրեթե լիակատար բացակայությունը։
Աղբյուրը՝ oragir.news