10 փետրվարի 2026 – 13:19 AMT
PanARMENIAN.Net – «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Հայկ Սարգսյանն Ազգային ժողովի նիստում բարձրաձայնել է Պետական եկամուտների կոմիտեի կողմից «Խաղային գործունեության մասին» օրենքի իրականացման ձգձգումների մասին՝ հիշեցնելով վարչապետի՝ 2024-ի հունվարին տրված հանձնարարականը։
Սարգսյանը հարց է ուղղել ՊԵԿ նախագահի տեղակալ Ռաֆայել Գևորգյանին՝ շեշտելով, որ մինչև այժմ խաղային գործունեության օպերատոր դեռ չկա, հայտնում է «Փաստինֆոն»:
Նրա խոսքով՝ օրենքը ընդունվել է 2024 թվականի ամռանը, իսկ ուժի մեջ մտել 2025-ի հունվարից, մինչդեռ վարչապետը նախապես զգուշացրել էր՝ նման իրավիճակ չպետք է լինի։
ՊԵԿ փոխնախագահն արձագանքել է, որ օրենքը իրականում կսկսի գործել միայն այն պահից, երբ ընտրվի օպերատոր, և դա նախատեսված է որպես նախապայման։
Նա նաև նշել է, որ այս չափի երկարաժամկետ՝ 15 տարի ժամկետով մասնավոր գործընկերոջ ներգրավմամբ պայմանագրեր և մրցույթներ երկրի փորձառության մեջ քիչ են, ուստի գործընթացը համալիր մոտեցում է պահանջել։
Հարցուպատասխանի ժամանակ Հայկ Սարգսյանը նշել է, որ կառավարության կողմից առաջարկված օրինագծից հանվել են մի շարք կարևոր սահմանափակումներ, որոնք նախատեսված էին՝ խաղային կախվածության ռիսկերը նվազեցնելու համար։
Մասնավորապես, հանվել են հետևյալ կետերը. պետական սուբսիդավորում ստացող քաղաքացիների մասնակցության արգելք, պետական նպաստառուների մասնակցության արգելք, սնանկության գործընթացում գտնվող անձանց մասնակցության արգելք, սպառողական վարկերի ծավալը գերազանցող քաղաքացիների մասնակցության սահմանափակում, կենսաթոշակային տարիքի անձանց մասնակցության արգելք։
Սարգսյանն ընդգծել է, որ այս փոփոխություններն էապես թուլացրել են վերահսկողությունը։ Սակայն երբ նա փորձում էր ներկայացնել չորրորդ կետը, նիստը նախագահող Ռուբեն Ռուբինյանը միջամտել է՝ թույլ չտալով պատգամավորին ավարտել խոսքը և հրահանգելով անջատել նրա խոսափողը։