10 փետրվարի 2026 – 13:41 AMT
PanARMENIAN.Net – Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանը մանրամասներ է հայտնել Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովի հետ օրեր առաջ կայացած հանդիպումից:
Նա նշել է, որ զրույցը տևել է 1 ժամ 40 րոպե, հայտնում է Արմենպրեսը:
«Այո, ես ներկայացրել եմ մեր մտահոգությունները, իրենք ներկայացրել են իրենց մտահոգությունները: Քաղաքական գործիչների, իմ այցի, մեր հանդիպման իմաստն այն էր, որ իրենք ասեին այն, ինչ իրենց է անհանգստացնում, մենք ասեինք այն, ինչ մեզ է անհանգստացնում: Բայց իրար հարցադրում անելուց բացի՝ մենք ունեցել ենք նաև շատ կարևոր քննարկումներ, առաջարկներ, գործնական քննարկումներ՝ սկսած Հայաստանում տարբեր ներդրումների հետ կապված, վերջացրած Ռուսաստանում Հայաստանի մշակույթի օրեր անցկացնելուց և այլն: 1 ժամ 40 րոպե մենք զրուցել ենք»,–ասել է Սիմոնյանը։
Նա ընդգծել է, որ տեղյակ չի եղել հանդիպման հեռարձակման ձևաչափից, այդ թվում՝ ուղիղ եթերի փաստից։
ԱԺ նախագահը նշել է նաև, որ TRIPP նախաձեռնության վերաբերյալ կարճ ակնարկ է եղե։
«Նկատի ուներ, որ տարբեր բաներ ենք խոսել, հիմա իրողությունն այլ է: Ես ասել եմ՝ այո, իրողությունն այլ է, և կա այն իրողությունը, որ դուք նույնպես կարող եք (ոչ TRIPP-ին մասնակցությամբ, ես դա չեմ պատկերացնում) այլ ենթակառուցվածքներ կառուցելու, վերակառուցելու և շահագործելու մեջ ներգրավված լինել»,–նշել է նա։
Սիմոնյանի խոսքով՝ այս առաջարկը կարող է հետաքրքրել ռուսական կողմին, և ակնկալվում է արձագանք։
Նա նաև վստահեցրել է, որ Լավրովի հետ զրույցում բարձրացրել է վերջին շրջանում Ռուսաստանից հնչած որոշ հայտարարությունների վերաբերյալ բոլոր մտահոգությունները։
«Ասել եմ, որ հատուկ ռազմական օպերացիա անցկացնելու մասին են խոսում Հայաստանի տարածքում: Այն, ինչ ես այստեղ ասել եմ, ասել եմ նաև այնտեղ»,– հավաստիացրել է ԱԺ նախագահը։
Լավրովի արձագանքի վերաբերյալ Սիմոնյանն ասել է, որ ռուսական կողմը հետևողականորեն հերքել է նման մոտեցումները՝ ներկայացնելով դրանք որպես անհատների կարծիք։
«Իրենք վստահեցրին, որ որևիցե ձևով որևէ շահագրգռվածություն չունեն մեր արտաքին, ներքին քաղաքականության հետ կապված: Իհարկե, իրենց մտահոգում են ինչ-որ բաներ, որի մասին իրենք խոսել են, մեզ ևս ինչ-որ բաներ մտահոգում են: Նույնիսկ ինչ-որ պահի մեզ՝ իշխող խմբակցությանը, հաջողություն մաղթեցին գալիք ընտրություններում»,– հավելել է Սիմոնյանը։
Լավրովը մեկնաբանել է Հայաստանի հնարավոր անդամակցությունը ԵՄ-ին՝ ընդգծելով, որ այն հակասում է ԵԱՏՄ շրջանակներում ՀՀ ստանձնած պարտավորություններին, սակայն Մոսկվան պատրաստ է հարգել Երևանի ցանկացած որոշում։Ըստ նրա՝ ՌԴ-ն տեղյակ է հայաստանյան իշխանությունների պատրաստակամության մասին՝ պահպանելու կապերը Մոսկվայի հետ, սակայն Եվրամիությունում դա ոչ բոլորի սրտով է: