Թուրքիան ստիպված կմիանա միջուկային մրցավազքին, եթե տարածաշրջանում միջուկային զենք հայտնվի. Ֆիդան

Թուրքիան ստիպված կլինի միանալ միջուկային սպառազինությունների մրցավազքի, եթե տարածաշրջանում միջուկային զենք հայտնվի։ Այս մասին հայտարարել է Թուրքիայի արտաքին գործերի նախարար Հաքան Ֆիդանը, մեկնաբանելով Իրանի կողմից միջուկային զենք ձեռք բերելու հնարավորությունը, փոխանցում է ՏԱՍՍ-ը։

«Այս հարցը պետք է դիտարկել ընդհանուր ռազմավարական իրավիճակի համատեքստում։ Անկեղծ ասած, մենք չենք ցանկանում տարածաշրջանում տեսնել դրամատիկ փոփոխություններ, որոնք կարող են խախտել ուժերի ներկայիս հավասարակշռությունը։ Օրինակ՝ Իրանի հետ խնդրահարույց հարցեր ունեցող երկրները կսկսեն ձգտել միջուկային զենք ձեռք բերել։ Եվ մենք, հավանաբար, ստիպված կլինենք ակամա միանալ այս մրցավազքին։ Հետևաբար, չեմ կարծում, որ սա շատ օգտակար կլինի տարածաշրջանի համար», – ասել է Ֆիդանը CNN Türk-ի եթերում։

Թուրք նախարարի հայտարարությունը հնչել է տարածաշրջանում Իրանի և Թեհրանի միջուկային ծրագրի շուրջ լարվածության ֆոնին։ Բացի այդ, 2025 թվականի սեպտեմբերին Պակիստանը և Սաուդյան Արաբիան ստորագրել էին փոխադարձ օգնության վերաբերյալ ռազմավարական պաշտպանական համաձայնագիր, որը կարող է Թագավորությանը հասանելիություն տալ Պակիստանի միջուկային զենքին։

Leave a Comment