ԱՄՆ փոխնախագահ Ջեյ Դի Վենսի համար Երևանի օդանավակայանում փռված գորգը հիացրել է The Guardian-ի թղթակից Յակուբ Կրուպային, ով այդ մասին գրել է առցանց հրապարակված կարճ հոդվածում։
«Հատուկ ուզում եմ նշել. կարո՞ղ եք նայել այս ապշեցուցիչ գորգին, որը փռվել է Վենսի համար՝ Հայաստանի օդանավակայան ժամանելուն պես։ Դժբախտաբար, ես չգիտեմ դրա ամբողջ պատմությունը (խնդրում եմ կիսվեք, եթե գիտեք), բայց… պարզապես նայեք այս գեղեցկուհուն»,- գրել է նա։
Վենսի ինքնաթիռը վայրէջք էր կատարել Երևանի «Զվարթնոց» օդանավակայանում փետրվարի 9-ի կեսօրին։ ԱՄՆ փոխնախագահին դիմավորել էին ՀՀ Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանը և Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը։
Վենսի և ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հանդիպման ժամանակ ստորագրվել էր երկու երկրների միջև միջուկային էներգիայի խաղաղ օգտագործման ոլորտում համագործակցության մասին հայտարարություն։
