Մոսկվան պատրաստ է Երևանի հետ քննարկել TRIPP նախագծում հնարավոր մասնակցության պարամետրերը․ Գալուզին

Ռուսական կողմը պատրաստ է Երևանի հետ քննարկել Մոսկվայի հնարավոր մասնակցության պարամետրերը TRIPP նախագծում։ Այս մասին «Известия»-ին հայտնել է ՌԴ արտաքին գործերի նախարարի տեղակալ Միխայիլ Գալուզինը։

«Ինչ վերաբերում է «Թրամփի ուղի» նախագծին, մենք մեր դիրքորոշումը հայտնել ենք։ Հայ-ամերիկյան նախաձեռնության մանրամասները դեռ պետք է ուսումնասիրվեն։ Պատրաստ ենք խորհրդակցել Երևանի գործընկերների հետ՝ քննարկելու ինչպես նախագծի պարամետրերը, այնպես էլ ռուսական հնարավոր մասնակցությունը այս կամ այն ձևաչափով», — նշել է դիվանագետը։

Գալուզինը հիշեցրել է, որ Հայաստանի երկաթուղային ցանցը մինչև 2038 թվականը գտնվում է «Ռուսական երկաթուղիներ» ԲԲԸ-ի դուստր ընկերության կառավարման ներքո, երկրում կիրառվում է ռուսական լայնության երկաթգիծ, իսկ Իրանի հետ սահմանին տեղակայված են ռուս սահմանապահներ։

«Պետք է հաշվի առնել նաև Հայաստանի անդամակցությունը ԵԱՏՄ-ին։ Այս պայմաններում ակնհայտ է, որ առանց Ռուսաստանի գործընկերները չեն կարող առաջ շարժվել», — ընդգծել է նախարարի տեղակալը։

Գալուզինը նաև նշել է, որ տարածաշրջանում հաղորդակցությունների ապաշրջափակման ուղղությամբ արդեն իսկ էական աշխատանք է կատարվել Ռուսաստանի, Հայաստանի և Ադրբեջանի եռակողմ ձևաչափում՝ փոխվարչապետների մակարդակով։

Leave a Comment