«Մեր ձևով» շարժման համակարգող խորհրդի անդամ Տիգրան Աբրահամյանը Armenia Today-ի «Խոսում ենք գլխավորի մասին» հաղորդման ընթացքում խոսել է Հայաստանի սոցիալ-տնտեսական իրավիճակի և Սամվել Կարապետյանի առաջնորդած շարժման առաջարկների մասին։
Աբրահամյանի խոսքով՝ 3 մլն բնակչություն ունեցող երկրում շուրջ 800 հազար աշխատատեղ ունենալը բավարար չէ, և «Մեր ձևով» շարժումն առաջարկում է ստեղծել 300 հազար նոր աշխատատեղ, որից 80 հազարը՝ արդյունաբերության ոլորտում։ Նրա գնահատմամբ՝ առաջարկի շուրջ իշխանության հակադարձումները մանիպուլյատիվ են, քանի որ ստվերից դուրս եկած զբաղվածությունը չի կարող համարվել նոր աշխատատեղերի ստեղծում։
Նա ընդգծել է, որ Հայաստանի տնտեսության կառուցվածքում արդյունաբերության բաժինը պատմական ցածր է՝ մոտ 9%, մինչդեռ երկարաժամկետ կայուն աճը հնարավոր է միայն արդյունաբերականացման միջոցով։
Այդ համատեքստում Աբրահամյանը խոսել է նավթավերամշակման, պղնձաձուլարանի և բարձր հավելյալ արժեք ստեղծող արտադրությունների հիմնման անհրաժեշտության մասին՝ նշելով, որ դա թույլ կտա իրականացնել ներմուծման փոխարինում և ավելացնել արտահանման ծավալները։
Անդրադառնալով փոքր և միջին բիզնեսին՝ նա նշել է, որ շարժումն առաջարկում է շրջանառության հարկի զրոյացում փոքր բիզնեսի համար, որպեսզի այն «շնչի» և դառնա միջին ու խոշոր բիզնեսի ինկուբատոր։ Նրա խոսքով՝ վերջին տարվա ընթացքում հազարավոր փոքր ձեռնարկություններ փակվել են հարկային բեռի աճի պատճառով։
Աբրահամյանը կարևորել է նաև գյուղատնտեսական արտադրանքի երաշխավորված մթերման և արտահանման մեխանիզմի ստեղծումը՝ ընդգծելով, որ գյուղացին պետք է զբաղվի արտադրությամբ, ոչ թե իր բերքը իրացնելու խնդրով։ Նրա խոսքով՝ դա պետք է լինի պետական քաղաքականություն՝ մասնավոր հատվածի ակտիվ ներգրավմամբ։
«Տասնյակ հազարավոր դեպքեր կան, երբ գյուղացին չի կարողանում իրացնել իր բերքը, կորցնում է այն և ստիպված է լինում նույնիսկ հեռանալ երկրից կամ գալ Երևան, ինչի հետևանքով գյուղը դատարկվում է, փաստացի՝ մեր պետության թիկունքը թուլանում է: Գյուղացին մեր պետության թիկունքն է»,- ընդգծել է նա։
Խոսելով արտաքին քաղաքականության և տարածաշրջանային գործընթացների մասին՝ նա շեշտել է արժանապատիվ խաղաղության, հաղորդակցությունների ապաշրջափակման և ուժեղ բանակցողի կարևորությունը։
«Հայաստանը պետք է խոսի ուժեղ դիրքերից, իսկ դրա համար անհրաժեշտ է ուժեղ առաջնորդ, որպեսզի մեր բոլոր հարևանները հաշվի նստեն Հայաստանի ազգային շահի հետ»,- նշել է Աբրահամյանը։
Այս համատեքստում նա անդրադարձել է շահարկումներին, թե Կարապետյանի թիմի իշխանության գալու դեպքում «նա կներկայացնի միմիայն Ռուսաստանի քաղաքականությունը»։ Աբրահամյանը հերքել է այդ թեզերը՝ շեշտելով, որ գործարարի բոլոր առաջնահերթությունները կապված են Հայաստանի Հանրապետության ազգային շահի հետ
«Կարապետյանը ՀՀ քաղաքացի է, բացառվում է որևիցե դեպք, երբ Կարապետյանի համար Հայաստանի ազգային շահը կարող է ստորադասվել ինչ-որ մեկ այլ բանի հետ»,- հավելել է նա։
Մանրամասները՝ տեսանյութում։
