«Հրապարակի» զրուցակիցը Տեր Վրթանես քահանա Բաղալյանն է:
– Տեր Հայր, հանրության մի զգալի հատված սպասում է, որ Եպիսկոպոսաց ժողովն անպայման տեղի է ունենալու, անգամ` առցանց եղանակով, սակայն այս մասին որեւէ հայտարարություն դեռ չի արվում: Գաղտնիք չէ, որ իշխանությունները, հայտնի պատճառներով, խոչընդոտեցին դեկտեմբերին եպիսկոպոսների մուտքը Հայաստան, հիմա էլ փորձում են խոչընդոտել ելքը Հայաստանից, քանի որ ժողովն Ավստրիայում է կայանալու: Ըստ Ձեզ, տեղի կունենա՞ ժողովը` օնլայն եղանակով:
– Եպիսկոպոսաց ժողովը կլինի օնլայն, թե օֆլայն, կլինի Էջմիածնում, թե Հայաստանի սահմաններից դուրս, մեր եկեղեցին մոնարխիկ կառույց է` հիերարխիայով օծյալ գահակալի կողմից կառավարվող: Մեծ հաշվով, այդ ժողովում հաստատված բոլոր որոշումները Վեհափառի հաստատումից հետո միայն ստանում են իրավական ուժ: Գերագույն խորհրդից մինչեւ խորհրդատվական մարմիններ՝ սպասում են որոշում կայացնողին․ նա օծյալ գահակալն է: Այսինքն` Վեհափառը կարող է անգամ առանց եպիսկոպոսաց ժողովների լուրջ որոշումներ կայացնել, եւ այդ որոշումները ստանան իրավական հիմք: Իսկ տիրադավները եւ կոմպրոմատների շնորհիվ Նիկոլի ծուղակն ընկածներն առանձնապես մեծ իրավունքներ չունեն եկեղեցու ներսում, նրանք չեն կարող հարցեր որոշել, մանավանդ, որ նրանց հայտարարությունները՝ նախկին եպիսկոպոսաց ժողովների ժամանակ արված, պահպանվել են, որտեղ նրանք իրենց անվերապահ աջակցությունն են հայտնում Մայր Աթոռին, Վեհափառին եւ այլն: Նրանք այն մարդիկ են, ովքեր ծնկի են եկել, հավատարմության ուխտ են տվել, ուստի պարտավոր են այդ ուխտը պահել: Նրանց հայտարարությունները որեւէ իրավական ուժ ու արժեք չունեն: Ցավով եմ ասում, բայց նրանք կործանված մարդիկ են:
– Կիրակի օրը Փաշինյանը հերթական եկեղեցին, ինչպես ասում են, «պղծեց»` իր ներկայությամբ: Այս անգամ «պատարագին» ավելի քիչ մարդ էր ներկա: Իր թիմակիցներից անգամ մարդ չկար: Հետաքրքրականն այն է, որ ամեն անգամ նրա ներկայությամբ զեղչվում է կաթողիկոսի անունը, սակայն հաջորդ պատարագներն այդ նույն եկեղեցիներում ընթանում են բնականոն հունով, առանց որեւէ զեղչումների:
– Ասեմ ավելին` անգամ Փաշինյանի ներկայությամբ Վեհափառի անունը լիարժեքորեն չեն կարողացել զեղչել, քանի որ բոլոր եկեղեցիներում գտնվում են հավատացյալներ, ովքեր հավատարիմ են Աստծուն, ինչպես նաեւ՝ Մայր Աթոռին եւ Վեհափառին: Նրանք անպայման բարձրաձայնում են Վեհափառի անունը: Հովհաննավանքի շոու-պատարագից մինչեւ Կոմիտասի եկեղեցու պատարագ, չի եղել մի նախադեպ, որ գոնե մի քանի անձ Վեհափառի անունը չբարձրաձայնի: Պատճառն այն է, որ հավատացյալ ժողովուրդը սիրում ու հարգում է կաթողիկոսին, եւ բոլորն էլ հասկանում են, որ տեղի ունեցածը Փաշինյանի կողմից է պարտադրվել: Անգամ պաշտոնյաներն ու տիրադավներն են պարտադրված գործում: Մեկը վախենում է աշխատանքը կորցնել, մյուսը վախենում է, որ իր պիղծ արարքները ջրի երես դուրս կգան…. այնքան վիրավորական է` Հայաստանում կան բազմաթիվ երաժիշտներ, նրանցից շատերն անգամ աշխատանքի խնդիր ունեն: Օպերան զավթել են Դուրգարյանները, դարձել է ընտանեկան բիզնես, որտեղ մարդիկ են հայտնվել, ովքեր ո՛չ մասնագիտական փորձ ունեն, ո՛չ կրթություն, ու այդ ամենի ֆոնին նվագում է վարչապետը, որը մասնագետ չէ, անտաղանդ է: «Ուդարնիկի» հնչյունների տակ էլ պարում են պարելու շնորհք չունեցող առողջապահության նախարարը եւ այլ մարդիկ: Մարդկանց պարտադրաբար տանում են համերգների, ուխտերթերի: Որքան էլ որ այդ մարդիկ լրատվամիջոցներից թաքցնեն ճշմարտությունը, միեւնույն է` գնում են տուն` իրենց հարազատների, մտերիմների շրջանակներում պատմում են, որ պարտադրանքով են գործել, որ իրենց ստիպել են, սպառնացել: Իսկ Վեհափառը սիրված է թե՛ հոգեւորականների կողմից, թե՛ հավատացյալ ժողովրդի: Նա ունի մեր անմնացորդ աջակցությունը, փառահեղ կերպով կառավարում է Հայ առաքելական եկեղեցին, ինչն էլ իր հերթին Նիկոլ Փաշինյանի նախանձն է շարժում, Ալիեւի, Էրդողանի եւ Փաշազադեի կատաղությունը, թշնամանքը մեր եկեղեցու եւ Վեհափառի դեմ: Այս ամենը միայն Վեհափառի դեմ չէ, սա բոլորիս դեմ է:
– Փաշինյանն ամեն անգամ եկեղեցում ծնկի է գալիս, Եռաբլուրում էլ է ծնկի գալիս: Իրական հավատացյալները ո՞ր դեպքերում են ծնկի գալիս: Ո՞րն է դրա խորհուրդը։
– Նա ծնկի չի գալիս, դերասանի պես չոքում է: Նա մի մարդ է, ով ասում է` կարող էինք պատերազմում այսքան զոհ չունենալ, բայց ունեցանք, որպեսզի մեզ դավաճան չասեն, դրանից հետո գնում է Եռաբլուր եւ այնտեղ չոքում է…. հետո զոհվածի ծնողի առաջ է չոքում, եկեղեցում է չոքում, բայց նրա բուն նպատակը պատարագը չէ, հավատքը չէ: Նա ունի մի նպատակ` կաթողիկոսի անունը զեղչել ու եկեղեցին հերձել: Նա հիմնել է աղանդ` տիրադավների աղանդ, որի հիմքում շանտաժն է, շահը: Նրանք արդեն վաղուց ժողովրդի սերն ու հարգանքը չեն վայելում: Եկեղեցին շատ է քննադատվել հենց այդ տիրադավների պատճառով, լավ է, որ Նիկոլ Փաշինյանը մագնիսի նման բոլոր ոչ նորմալ հոգեւորականներին քաշեց իր կողմը, դրանով իսկ մաքրեց եկեղեցին աստվածուրացների նողկալի խավից:
– Իսկ, առհասարակ, ե՞րբ են հավատացյալները ծնկի գալիս:
– Տարբեր հատվածներ կան Տեր ողորմյայի ժամանակ, խոստովանության ժամանակ եւ այլն: Բայց Նիկոլ Փաշինյանը ծնկի չի գալիս, նա անտաղանդ դերասան է, կեղծավոր ու ստախոս: Փորձում է միջավայր ստեղծել, թե իբրեւ այդ ամենն անում է որպես հավատացյալ մարդ, սակայն նա երբեք Հայ առաքելական եկեղեցու անդամ չի եղել, ո՛չ եկեղեցում պսակադրվել է, ո՛չ մկրտվել է, ո՛չ երբեւէ աղոթքի է եկել: Նա դասական կեղծավոր ու խաբեբա է: Ընտրություններ են սպասվում, ցանկանում է այդ ամենի ֆոնին թուլացնել եկեղեցու դիրքերը, սակայն լավ կանի՝ դրա փոխարեն իր խոստումների գոնե մեկ տոկոսը կատարի:
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այս հասցեով՝ : https://hraparak.am/post/dfc86d60e63336553166b128b98724cf
© 2008 – 2021 «Հրապարակ օրաթերթ»