Ավտոմեքենայում եղել են վարորդի թոռնիկները
ԵՐԵՎԱՆ, 10 փետրվարի. /Նովոստի-Արմենիա/. Այսօր ողբերգական դեպք է տեղի ունեցել Արմավիրի մարզում։
Shamshyan.com-ի հաղորդմամբ, ժամը 08:50-ի սահմաններում Արմավիրի մարզի բնակիչ 62-ամյա Ա. Ք.-ն իր վարած «Kia Forte» մակնիշի ավտոմեքենայով Պտղունք գյուղում դեռևս անհայտ հանգամանքներում դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից, անցել հետիոտնի մայթով և կիսակողաշրջված վիճակում հայտնվել հողաթմբի մոտ։
Կայքի տեղեկացմամբ, վթարի հետևանքով վարորդը և 2 հոգի քաղաքացիների օգնությամբ դուրս են բերվել ավտոմեքենայից, ապա Էջմիածնի շտապօգնության բժիշկների հերթապահ խումբը վարորդին տեղափոխել է հիվանդանոց, ով սակայն ճանապարհին մահացել է։
Իսկ ուղևորներից մեկը հրաժարվել է հիվանդանոց մեկնելուց, մյուսին էլ հիվանդանոց են տեղափոխել քաղաքացիները։
Դեպքի վայր են ժամանել ՀՀ ՆԳՆ ոստիկանության ՓԾ Վաղարշապատի հրշեջ-փրկարարական ջոկատից 1 մարտական հաշվարկ։
Ժամանել են նաև ՀՀ ՆԳՆ ոստիկանության պարեկային ծառայության Արմավիրի մարզի գումարտակի 1-ին վաշտի 2-րդ դասակի պարեկները։
Վթարի փաստով Արմավիրի մարզային քննչական վարչության Վաղարշապատի քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ։
Քննիչի հանձնարարականով ավտոմեքենան տեղափոխվել է ոստիկանության Վաղարշապատի բաժնի պահպանվող հատուկ տարածք։
Ըստ նախնական տեղեկությունների՝ վարորդի ինքնազգացողությունը ավտոմեքենան վարելիս վատացել է և հանկարծամահ է եղել, ինչն էլ դարձել է վթարի պատճառ, իսկ ուղևորները եղել են նրա թոռնիկները։
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։