Պատրաստ ենք կատարել Հայաստանի էներգետիկ անվտանգության երաշխավորի դերը. Գալուզին

Պատրաստ ենք կատարել Հայաստանի էներգետիկ անվտանգության երաշխավորի դերը. Գալուզին

ՌԴ ԱԳ նախարարի տեղակալ Միխայիլ Գալուզինը «Известия»-ին հայտարարել է, որ Հայաստանի ատոմակայանի նոր էներգաբլոկի շինարարության համար ռուսական առաջարկներից իրական այլընտրանքներ չկան։

«Մենք հայկական կողմին փոխանցել ենք մանրամասն մշակված առաջարկների փաթեթ։ «Ռոսատոմը» պատրաստ է ամենակարճ ժամկետներում սկսել նախագծի իրականացումը՝ հաշվի առնելով հայկական գործընկերների ցանկությունները։ Տեխնոլոգիական հուսալիության, արդեն ստուգված լուծումների, ֆինանսական գրավչության (ներառյալ շինարարություն, հետագա շահագործում, մասնագետների պատրաստում և վերապատրաստում) առումով իրական այլընտրանքներ չեն երևում», – ընդգծել է դիվանագետը։

Գալուզինը նշել է, որ Ռուսաստանը շարունակելու է երաշխավորի դեր խաղալ Հայաստանի էներգետիկ անվտանգության գործում։

«Մենք պատրաստ ենք շարունակել պատասխանատու կերպով կատարել Հայաստանի էներգետիկ անվտանգության երաշխավորի դերը և նպաստել երկրի ատոմային արդյունաբերության զարգացմանը։ Որոշ եվրոպական երկրների փորձը, այդ թվում՝ Գերմանիայի նման հսկայի, ցույց է տալիս, որ միջուկային էներգետիկայից հրաժարվելը կարող է թանկ արժենալ ազգային տնտեսությանը», – ավելացրել է նա։

Նախարարի տեղակալը հիշեցրել է Ռուսաստանի և Հայաստանի միջև խաղաղ ատոմի ոլորտում հարուստ համագործակցության փորձը։

«Մեր ատոմային ոլորտի մասնագետները սովետական մեկ դպրոցի շրջանավարտներ են և լավ են հասկանում միմյանց։ Այժմ մեր մասնագետները կատարում են համալիր աշխատանքներ, որպեսզի կայանը կայուն և արդյունավետ աշխատի մինչև 2036 թվականը։ Համոզված ենք, որ Երևանի ակտիվ աջակցությամբ բոլոր միջոցառումները կավարտվեն ժամկետում», – ասել է Գալուզինը։

Leave a Comment