ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ չի թույլատրի ԱՄՆ-ն և Կանադան միացնող նոր միջազգային ավտոմոբիլային կամրջի բացումը, քանի դեռ Օտտավան չի վերաբերվում Միացյալ Նահանգներին «արդարությամբ և հարգանքով» և չի վճարում «լիակատար փոխհատուցում»։
Գորդի Հոուի անվան միջազգային կամուրջը, որը կոչվել է հոկեյիստ Գորդի Հոուի պատվին, պետք է կապի Կանադայի Օնտարիո նահանգը ԱՄՆ-ի Միչիգան նահանգի հետ։ Թրամփը իր Truth Social սոցիալական ցանցում գրել է․ «Ես չեմ թույլ տա բացել այս կամուրջը, քանի դեռ Միացյալ Նահանգները չեն ստանա լիակատար փոխհատուցում այն ամենի համար, ինչ մենք տվել ենք նրանց, և մինչև Կանադան չսկսի վերաբերվել ԱՄՆ-ին այն արդարությամբ և հարգանքով, որին մենք արժանի ենք»։
Թրամփը չի հստակեցրել, թե ինչ մեխանիզմներով կարող է խոչընդոտել կամրջի շահագործման մեկնարկը, սակայն նշել է, որ «բանակցությունները կսկսվեն անմիջապես»։
Կանադական լրատվամիջոցների գնահատմամբ՝ կամրջի շինարարության արժեքը կազմել է 6,4 միլիարդ կանադական դոլար (մոտ 4,7 միլիարդ ԱՄՆ դոլար)։ Նախատեսվում էր, որ այն կբացվի 2026 թվականի սկզբին՝ պաշտոնական փորձարկումների և անհրաժեշտ հաստատումների ավարտից հետո։ Շինարարական աշխատանքները մեկնարկել են 2018 թվականին, իսկ նախագիծը ավելի քան մեկ տասնամյակ եղել է երկու երկրների միջև տարաձայնությունների առարկա։
