Ինչու էր Վահան Տերյանը սովորում վրացերեն



Մշակույթ


Վահան Տերյանը հայ-վրացական բարեկամության ջատագովներից էր։ 1914 թվականին  վրացի իր ընկերներից մեկից պոետը տեղեկանում է, որ Մոսկվա է ժամանելու բանաստեղծ Ակակի Ծերեթելին։ Այդ առիթով կազմակերպված ուսանողական հանդեսին մասնակցում է  նաև Տերյանը, որը 1915 թվականին տպագրված «Ակակի Ծերեթելին Մոսկվայում» իր հուշ-հոդվածում նկարագրում է մոսկվաբնակ վրացիների ՙանօրինակ  սերը՚  իրենց բանաստեղծի հանդեպ։

Տերյանի կողքին կանգնած մի ռուս լրագրող տեսնելով, թե վրաց պոետին սպասող վրացիների ամբոխը ինչպիսի խնդագին աղաղակներով է ողջունում գրական-գեղարվեստական ակումբ ժամանած ծերունի բանաստեղծին և ինչպես է կենդանի ծաղիկներ թափում նրա վրա ու նրա առաջ, հարցնում է Տերյանին. «Ինչո՞վ է բացատրվում այդ անօրինակ սերը դեպի մի պոետ»:  Չգիտեմ,- պատասխանում է Տերյանը և գրում. «Առաջին անգամ կյանքումս ինձ շատ վատ զգացի վրացերեն չիմանալուս համար, որովհետև ես չգիտեի անգամ, թե ինչ է գրել Ծերեթելին»: 

-Ի՞նչ կարող էի պատասխանել հարցասեր ռուսին,- շարունակում է Տերյանը, – որը գիտեր, որ ես հայ եմ, բայց հավատացած էր, որ ես պիտի լավ ճանաչեմ վրացիներին: Եվ իրավացի էր իհարկե իմ ծանոթ ռուսը, սպասելով, որ ես ավելի տեղյակ կլինեմ մեր դարավոր հարևան մոտիկ մի ժողովրդի կյանքին ու գրականությանը: Սակայն քանի՞ հայ կարող է պարծենալ մի այդպիսի գիտությամբ, – հարցնում է նա:

Ուղղելու համար բազմաթիվ հայերին բնորոշ գիտելիքի այդ պակասը, Տերյանը Սանկտ Պետերբուրգի համալսարանում Նիկողայոս Մառի մոտ սկսում է ուսումնասիրել վրացերեն ու վրացագիտություն և թարգմանում է Ակակի Ծերեթելիի  «Մի կինտո եմ դարդիման՚ («Էռթի վինմէ կինտո վառ») բանաստեղծությունը։ Նաև սկսում է թարգմանել Շոթա Ռուսթավելիի  «Ընձենավորը», որպեսզի ծանոթացնի հայ հասարակությանը մեր հարևան ժողովրդի գրականությանը։ 
Ցավոք, Առաջին համաշխարհային պատերազմը, ռուսական հեղափոխություններն ու պոետի վաղաժամ մահը թույլ չեն  տալիս պոետին ավարտին հասցնելու` հայ և վրաց ժողովուրդների մերձեցմանն ուղված նրա մտադրությունը։ Նա հասցնում է թարգմանել միայն «Ընձենավորի» նախերգանքը, որի մասին վրացերենի Տերյանի ուսուցիչ, հետագայում ակադեմիկոս դարձած Նիկողայոս Մառը  գրել է, թե այդ թարգմանությունը կարդալիս  «ստեղծվում է մի պատրանք, կարծես հայերեն է գրում ոչ թե  Տերյանը, այլ ինքը` Շոթան»։

Ավա՜ղ, Վահան Տերյանի հայանպաստ այս մի նախաձեռնությունը նույնպես, ինչպես Հայոց ցեղասպանության հատուցման համար Թուրքահայաստան անկախ պետություն ստեղծելու նրա ծրագրի դեպքում էր, ևս մնաց անավարտ: Հիշեցնենք, որ նրա բոլշևիկ ընկերները 1919-ին բանաստեղծին գործուղել էին մահվան, որպեսզի Հայկական հարցը չլուծեն 1917-ին Տերյանի կազմած և նույն թվականի դեկտեմբերի 29-ին Լենինի ու Ստալինի ստորագրություններով ամրագրված իրավական ակտի՝ «Թուրքահայաստանի մասին»  դեկրետի ոգով: Բանն այն է, որ այդ փաստաթղթով Ռուսաստանը փաստացի ճանաչել էր ցեղասպանված հայերի հատուցում ստանալու իրավունքը՝ պետք է ստեղծվեր անկախ պետություն Թուրքահայաստանը: Այդ դեկրետը ոչ միայն ստորագրվել էր Լենինի և Ստալինի կողմից, այլ, նույնիսկ, հաստատվել էր երկրի իշխանության բարձրագույն մարմնի՝ Սովետների երրորդ համագումարի կողմից: 

Վերադառնալով հայերի և վրացիների միջև գոյություն ունեցող անտեղյակության թեմային, նշենք, որ այսօր ևս հայերի մեծամասնությունը ծանոթ չէ  «մեր դարավոր հարևան մոտիկ ժողովրդի»  կյանքին ու գրականությանը: Ավելին, այդ երկու ժողովուրդների միջև սեպ խրողների ջանքերը, որոնց թվում էին Ստալինը և Բերիան, ցավոք, անհետևանք չեն մնացել…

Գրիգոր Էմին-Տերյան Հ.Գ. Հայրս, Գևորգ Էմինը, վերոնշյալ խնդրի կապակցությամբ, իրեն բնորոշ դիպուկ սրամտությամբ ասաց հետևյալը. «Երկու ժողովուրդները դարերով ապրել են կողք-կողքի, բայց զարմանալիորեն ոչ վրացիներն են հայերից ընդօրինակել  քաղցր սուջուխ պատրաստելու հայկական բաղադրատոմսը, շարունակելով ուտել հայկականին զիջող իրենց  չուչխելը, ոչ էլ հայերն են վրացիներից սովորել երգել բազմաձայն և շարունակել են մի քանի հոգով երգել նույն ձայնով»:




Leave a Comment